«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կուսակցության համամասնական ցուցակի 41-րդ տեղում է իր իսկ խնդրանքով: Այս մասին պատգամավորն ասել է այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ցուցակների կազմումը վարչության որոշումով տրվել է մի խումբ մարդկանց, և պատասխանատուն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ցուցակների կազմման այդ ռազմավարությունը ևս վարչության որոշում է, և «Ժառանգության» ցուցակն արդեն հավանություն է ստացել խորհրդի կողմից: Ես թիմում ընդգրկված եմ որպես անկուսակցական: Ինձ համար օրենք է թիմային կարգապահությունը և թիմային համերաշխությունը: Ես երբեք դուրս չեմ եկել թիմից` չավարտելով իմ ժամանակահատվածը: Բոլոր իմ մոտեցումները ես արտահայտել եմ աշխատանքային կարգով»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:
Պատգամավորն ասել է, որ այն թաղամասում, որտեղ ինքը բնակվում է, շատերը զարմացած են, թե ինչու ինքը գոնե մեծամասնականով չի առաջադրում իր թեկնածությունը:
«Հիմա ես այդ խնդիրը ինձ համար չեմ դնում, որ ես գամ ևս մեկ գումարման ԱԺ-ում լինեմ պատգամավոր: Երկու հիմք ունեմ, նախևառաջ ես ակտիվ եմ եղել և հույս ունեմ, որ, ինչքան կներեն ուժերս, ակտիվ եմ լինելու: Իմ ակտիվությունը չի բացատրվում ԱԺ պատգամավոր լինել-չլինելով: Ես մի այլ վայրում իմ գործը, իմ հստակ աշխատանքը էլի անելու եմ»,- ասել է Լարիսա Ալավերդյանը: