Օրերս ՀՀԿ շարքերը համալրած և ՀՀԿ համամասնական ցուցակի 26-րդ հորիզոնականում գտնվող Մարգարիտ Եսայանն այլևս «Առավոտ» օրաթերթի լրագրող չէ: Այս մասին henaran.am-ի հետ զրույցում ասել է թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` նշելով, որ «Առավոտում» աշխատող լրագրողները պետք է անկուսակցական լինեն և նրանք բոլորը գիտեն այդ մասին:
«Հարցը այստեղ Հանրապետականը չէ, պատկերացրեք` ես Դաշնակցական եմ և խմբագրական եմ գրում: Այդ դեպքում դուք որպես ընթերցող կմտածեք ոչ թե որպես լրագրող եմ գրել, այլ որպես կուսակցական»,- ասել է Արամ Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով` անկախ ընտրության արդյունքներից` Եսայանը չի աշխատի «Առավոտում»: Չնայած այս ամենին, ըստ «Առավոտի» գլխավոր խմբագրի` Մարգարիտ Եսայանը մնում է իր ամենամտերիմ բարեկամներից մեկը:
Մարգարիտ Եսայանը henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ առանց «Առավոտի» իր կյանքը չի պատկերացնում, բայց համաձայն է խմբագրի այն տեսակետին, որ երբ մարդ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, պիտի թողնի լրատվությունը: «Իհարկե, Արամը էլի իմ բարեկամն է, իմ մտերիմն է, իմ ընկերն է, իմ խորհրդատուն է»,- ասել Մարգարիտ Եսայանը:
Այն հարցին, թե որտեղ է մտադիր աշխատել, Եսայանն ասել է. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն մայիսի 6-ին ստանալու է ձայների մեծամասնությունը, և ես կընտրվեմ պատգամավոր, կաշխատեմ խորհրդարանում»:
Լուսանկարը` Մարգարիտ Եսայանի Facebook-ի էջից