Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները արդար անցնել չեն կարող, քանի որ պայքարի հավասար պայմանները քաղաքական ուժերը չունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Ակնհայտ է, որ համապետական սփռում ունեցող հեռուստաընտրություններում կա միայն իշխող կուսակցությունների ակնհայտ քարոզ: Մարդ հնարավորություն չունի իր ասելիքը հասցնել ընտրողին: Դա նման է տարբեր սկզբնակետերից վազքի մրցույթին մասնակցելուն: Սա պատահականություն չէ, ինստիտուցիոնալ խնդիր է, ու կատարվում է հաշվարկված, որպեզի վազքի ընթացքում կարիք չլինի դիմել բիրտ, ճչացող խախտումների»,- ասել է Էդգար Վարդանյանը` նկատելով, որ հիմնական ուղեղի լվացումը կատարվում է հեռուստատեսությամբ:
Ասուլիսի մեկ այլ մասնակից հոգեբան Հրանտ Ավանիսյանը հակառակ կարծիքն է հայտնել: Ըստ նրա` հեռուստատեսությունում նախընտրական տրամադրություններ դեռ չկան: «Ամենամեծ ռեյտինգ ունեցող հաղորդումները սերիալներն են, «Շահող կտրոն», «Սպասիր ինձ» և նման այլ հաղորդումներ, այլ ոչ թե քաղաքական հաղորդումները: Ինչ վերաբերում է բրեյնվոշինգին` չկա այդպիսի պետութություն, որտեղ իշխանության գլուխ կանգնած կուսակցությունները չեն օգտագործում իրենց ձեռքի տակ եղած լծակները»,- ասել է հոգեբանը:
Վարդանյանի խոսքով` իրական դեմոկրատական շարժումն իշխանության գալու նպատակ չի հետապնդում, այլ դրա համար մեխանիզմներ է ստեղծում: Նման շարժում, ըստ բանախոսի, ցավոք, հիմա չկա:
«Երբ որ իշխանական կուսակությունների ներկայացուցիչներն ասում են, որ մարդիկ արտագաղթում են, որովհետև սոցիալական վիճակը վատ է. երբ խոսում են փոխվելուց, և, ընդ որում, այն հարցերն են բարձրացնում, որոնք շատ առանցքային են, նշանակում է` գիտեն, որ հասակության մեջ կա գիտակցություն այդ խնդիրներին, փորձում են իրենք խոսել` քննադատությունից խուսափելու համար և թույլ չտալու, որ հասարակությունը կողմնորոշվի ի օգուտ ընդդիմության»,- ասել է Էդգար Վարդանյանը: