Չնայած Երևանի և Բաքվի միջև առկա թշնամությանը, մերձեցման ուղիների որոնումը ինչ-որ տեղից կարելի է սկսել` չկենտրոնանալով, սակայն, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի վրա, որը, ըստ էության, «օղակավորել» է կոնֆլիկտը և թույլ չի տալիս կողմերին դուրս գալ այդ շրջանակից: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում գրում է վերլուծաբան Յուրի Սիմոնյանը;
Նրա կարծիքով` ներկայիս իրավիճակում փակուղուց դուրս գալու միջոց կարող էր դառնալ Ադրբեջանի կողմից երկաթուղային ճանապարհների վերաբացումը: Հենց ներկայիս պայմաններում:
«Դրանից Բաքուն միայն կշահի: Նախևառաջ դա ուժեղ, իր վրա և իր հնարավորությունների վրա վստահ խաղորդի ժեստ է: Երկրորդ հերթին, նա փաստացիորեն կստիպի Երևանին պատասխան համարժեք քայլ կատարել, և, եթե հայկական կողմը պատրաստ չլինի դրան, միջազգային միջնորդները կփորձեն բացատրել և պատրաստել նրան այդպիսի քայլերի: Դե իսկ եթե ամեն դեպքում չհաջողվի Հայաստանից համարժեք պատասխան ստանալ, ճանապարհները կրկին փակելը խնդիր չի: Միջազգային հարթակում հնարավոր կլինի համակրանքի հարցում դրական տեղաշարժերի հասնել մի կողմից կառուցողական մոտեցման, իսկ մյուս կողմից` դրան անպատրաստ լինելու շնորհիվ»,- գրում է Սիմոնյանը` գտնելով, որ այս հարցում էական դեր կարող է խաղալ Ռուսաստանը, որը միջնորդ դեր է ստանձնել հայ-ադրբեջանական բանակցություններում:
«Բացի դա, Ռուսաստանը կարող է զուտ տնտեսական շահ ունենալ. կոնցեսիոն կառավարման վերցված հայկական երկաթուղային գծերը շրջափակման պայմաններում ամբողջությամբ չեն օգտագործվում: Ապաարգելափակման դեպքում, հավանաբար, այլ կարող է լինել Հայաստանի պետական տուրքի դիմաց Ռուսաստանին փոխանցված, բայց այդպես էլ չշահագործված հայկական ձեռնարկությունների ճակատագիրը: Պետք չէ մոռանալ նաև «Հյուսիս-հարավ» տրանդպորտային միջանցքի մասին, որը շատ ավելի շոշափելի դեր կարող է խաղալ, քան այժմ»,- կարծում է Սիմոնյանը: