Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծն այսօր ԱԺ-ում չընդունվեց, սակայն մինչ որոշման ընդունումը հարցի վերաբերյալ բուռն քննարկում ծավալվեց:
«Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանն իր զարմանքն է արտահայտել, թե ինչպես կարող է մի երկիր, որը ցեղասպանություն է վերապրել և ցեղասպանության ընդունում է հայցում աշխարհից, այլ ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանություններին դեմ քվեարկի:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ կարծիք է հայտնել, որ աշխարհի հզոր պետություններն առաջին հերթին ազգային պետական շահն են հաշվի առնում: Ի պատասխան` «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ աշխարհի հզոր պետությունները ցեղասպանության չեն ենթարկվել և որ Նիկոյանի պատասխանն արդարացված չէ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ, նախ` նշելով, որ իրենք «ոչ թե հայցում են ցեղասպանության ընդունում, այլ պահանջում են», գործընկերներին առաջարկել է նախագծի ընդունումը հետաձգել, հետո էլ հավելել է, որ իրենք այս նախագծի քվեարկությանն ուղղակի չեն մասնակցելու:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ի պատասխան Սահակյանի հայտարարության, հայտարարել է, որ եթե անգամ իրենք չմասնակցեն քվեարկությանը, իր մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ԱԺ-ում «ՀՀԿ-ի վրա թուրքական կառավարության ներգործությունն է ազդել և այսօր թուրքական կառավարության ներգործության ներքո ՀՀ ԱԺ-ն չի ցանկանում այս նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել»:
«Միանշանակ է, որ դիրքորոշումը պետք է լինի դրական: Շատ ցավալի է, որ այսօր այս ԱԺ-ում շարունակվում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հանրապետության քաղաքականությունը, որի հետևանքով այս խորհրդարանում են գտնվում հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները և դեռ ավելին` այս օրինագծի վերաբերյալ, որը դատապարտում է Օսմանյան կայսրութունում տեղի ունեցած այլ ազգերի` հույների, ասորիների, եզդիների ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Այս օրինագծին դուք հանձաժողովի նիստում դեմ քվեարկեցիք, իսկ այսօր էլ փորձում եք տապալել»,- ասել է Փոստանջյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ իր գործընկերների ելույթներն ավելի շատ ձև են հիշեցնում, այլ ոչ բովանդակություն: Այնուհետև պատմական անդրադարձ է կատարել.
«Օսմանյան կայսրությունում 15-20 թվականներին տեղի է ունեցել քրիստոնյա ազգաբնակչության ցեղասպանություն: Եվ այդ ցեղասպանությունը ամբողջ աշխարհը ընդունում է որպես մեկ ամբողջություն, այսինքն` Հայոց ցեղասպանություն: Ավելին` ՀՀ-ն Սահմանադրական նորմով, իր անկախության հռչակագրով և Սահմանադրության մեջ ընդունել է Հայոց ցեղասպանությունը:
Անցյալ տարի ՀՀԿ-ն` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի և մեր կոլալիցիոն այլ գործընկերների ջանքերով, հանդիպեց համապատասխան համայնքների ներկայացուցիչների հետ: Դրան հաջորդեց ԱԺ նախագահի պաշտոնական ուղերձը աշխարհի բոլոր պառլամենտներին, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի քրիստոյան ժողովուրդների ցեղասպանությունը: Մենք այս հարցում պահանջատեր ենք, ես չեմ հասկանում` ինչ օրենք եք մտցնում, ինչ եք անում, ում համար ենք անում: Չի կարելի Հայոց ցեղասպանությունn անջատել այլ ժողովուրդների ցեղասպանությունից: Եվ թող որևէ մեկի սիրտը ստեղ ինձնից շատ չցավի»,- ասել է Շարմազանովը, ով, նշենք, ծագումով հույն է: