Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռել է հօգուտ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ և պարտադրել հերքում: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդը»` նշելով, որ իր ներկայացրած հակընդեմ հայցը մերժվել է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար:
Այս հրապարակումից հետո մարզպետը օրաթերթից պահանջել էր 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու և վիրավորելու դիմաց:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում` սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցմամբ:
Կայացրած վճռի համաձայն, 200 հազար դրամից 100 հազարը փոխհատուցման գումար է, 100 հազար դրամը` փաստաբանական ծառայությունների վարձատրություն:
«Փոխանակ մարզպետն Աննային մեղադրեր` իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար, «Ժողովուրդ»-ից է ցանկանում 100 հազար դրամով գնել իր պատիվը: Եվ լավ է, որ դատավորը պաշտոնապես արձանագրեց` մարզպետ Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2,5 մլն արժե, այլ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ:
«Ժողովուրդը» հրաժարվում է վճարել այդ գումարը մարզպետին, համարելով անարդար վճիռը թերթի դեմ, այս կերպ լրատվամիջոցին ստիպելով «լռել», որ ոչ մի դեպքում չի հաջողվի նրանց», – նշված է թերթի հայտարարության մեջ: