Երեկ Ազգային Ժողովում բուռն քննարկումների թեմա է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` նշելով, որ խորհրդարանականները խոսում էին այն մասին, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հաջորդ խորհրդարանում մնալու են եզրագծից այն կողմ:
Այդպիսի խորհրդարանականների թվում է նաև ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը, ում անունը ևս հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի ոչ անցողիկ տեղերից մեկում:
«ՉԻ»-ն փորձել է պատգամավորից տեղեկանալ` արդյոք նա չի վիրավորվել, որ իր անունը անցողիկ հորիզոնականում չէ: Կարախանյանը, ի պատասխան, ճշտում է մտցրել հարցադրումի մեջ. «Ավելի ճիշտ կլիներ ասեիք, որ իմ անունն ընդհանրապես չկա»:
«Ես կարծում եմ, որ էս անգամ ՀՀԿ-ն ընտրաթիմով է գնացել, և ցուցակում մարդիկ են տեղ գրավել, որ ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ», – հավելել է նա:
Ի՞նչ չափանիշներով է կազմվել կուսակցութայն ցուցակը, հետաքրքրվել է թերթի թղթակիցը կուսակցության հնաբնակներից մեկից, ով կանգնած է եղել ՀՀԿ-ի ակունքներում.
«Մենք մշտապես մտածել ենք հզոր Հայաստան ունենալու գաղափարի շուրջ, հիմա, կարծես, փոխվել է արժեհամակարգը, և մոտեցումներն այլ են: Ես ցավում եմ, որ նման վերաբերմունք կա իմ նկատմամբ, բայց վճռական խոսքը` կուսակցական նախագահինն է»:
«Չի»-ն փորձել է իմանալ, թե ի՞նչ հարաբերություննների մեջ է եղել Կարախանյանը կուսակցության ղեկավարի` Սերժ Սարգսյանի հետ: Նա, ի պատասխան` նշել է. «Շատ լավ հարաբերությունների: Երկրի նախագահի ու կուսակցության ղեկավարի հետ մեր հարաբերությունները եղել են բարիդրացիական: Թե ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվել` ինձ համար անակնկալ էր: Անկեղծ եմ ասում, ես չէի կարծում, որ էսպիսի դաժան մոտեցում կլիներ իմ հանդեպ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, թերթի այն հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն այդպես վարվել Կարախանյանի հետ, պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասում, թե Կարախանյանը ցուցակում չի լինելու: Համամասնական ցուցակը ոչ միայն պատգամավորության թեկնածուների ցուցակն է, այլ ընդհանուր քաղաքական թիմի: Մի բան կարող եմ ասել, որ լավ աշխատանքի դեպքում մեր պատգամավորների մեծամասնությունը էլի կարող է պատգամավոր դառնալ»:
Երբ թերթը հակադարձել է, որ Կարախանյանը պնդում է, թե համամասնական ցուցակի նման տեսքն իր համար ուղղակի անակնկալ էր` Շարմազանովը պատասխանել է. «Դա պարոն Կարախանյանի կարծիքն է»: