Քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել Սիրիայի հետախուզության և անվտանգության համակարգի ղեկավարության կողմից նախագահ Բաշար Ասադի համար պատրաստված փաստաթղթերը, որոնք վերաբերում են երկրում սկսված ընդցզումներին և բախումներին:
Փաստաթղթերը «Ալ Ջազիրային» է փոխանցել Աբդել Մահիդ Բարակաթը (նկարում), ով մինչ վերջերս կառավարության ամենավստահելի պաշտոնյաներից էր:
«Բաաթ» կուսակցության նախկին անդամը, ով մեկ տարի շարունակ պատասխանատու է եղել Սիրիայի ողջ տարածքում տեղեկություններ հավաքագրելու և հետախուզության աշխատանքները համակարգելու համար, փախել է Թուրքիա: Այնտեղի սիրիացի գործիչը կապվել է «Ալ Ջազիրայի» թղթակից Ջեյմս Բեյսի հետ և նրան փոխանցել փաստաթղթերը:
Փաստաթղթերը թույլ են տալիս հասկանալ Բաշար Ասադի կողմից վարած ներքին ռազմավարությունը, որը նպատակ ունի ճնշել հակակառավարական ցույցերը և ամեն գնով պահել իշխանությունը:
Հարյուրավոր էջեր կազմող փաստաթղթերը վկայում են իշխանությունների` մայրաքաղաք Դամասկոսը վերահսկողության տակ պահելու և ցուցարարներին քաղաք մտնել թույլ չտալու փորձերի մասին:
Փաստաթղթերում նաև մանրամասնորեն նկարագրվում է գաղտնի ծրագիրը, որի համաձայն պետք է ճնշվեին Հալեպ և Իդլիբ քաղաքների ցույցերը:
Փաստաթղթերից մեկում հստակ ասվում է, որ Ասադը կարգադրել է ֆինանսական աջակցություն տրամարդրել Հալեպի իր համախոհներին ցուցարարներին ճնշելու համար:
«Ալ Ջազիրայի» թղթակցի հետ զրույցում Բարակաթը նշել է. «Յուրաքանչյուր ոք, ով կարդա այս զեկույցները, կցնցվի, և կհասկանա, որ Սիրիան իսկական ճգնաժամի մեջ է. սպանություններ, հանցագործություններ և բռնաճնշումներ»:
«Այդուհանդերձ անվտանգության համակարգի պաշտոնյաները զեկույցներում գեղեցիկ պատկեր են տալիս երկրում տիրող իրավիճակի մասին: Նրանք արհամարհում են շատ էական փաստեր` պարզապես նախագահի մարտական ոգին բարձրացնելու համար», – ասել է նա:
«Ամիսներ շարունակ ընդդիմությունն իր մարդն է ունեցել Ասադի անվտանգության ապարատի հենց սրտում, – Թուրքիայից «Ալ Ջազիրային» է հաղորդել Ջեյմս Բեյսը, – այս մարդը տեղեկություններ էր հաղորդում ընդդիմությանը: Սակայն վերջիվերջո նրան բացահայտել էին, և նա հասկացել էր, որ պետք է փախչի Սիրիայից կյանքը փրկելու համար: Երկիրը լքելիս նա իր հետ վերցրել է նաև որոշ գաղտնի փաստաթղթեր»: