Իշխող քաղաքական ուժերը իռացիոնալ ավանդապաշտություն են պարտադրում ժողովրդին` ազգային և ժողովրդավարական արժեքների արհեստական հակադրմամբ: Նրանք իռացիոնալ սիմվոլներով փորձ են անում բթացնել ժողովրդին` հետո հասարակությանը մանիպուլացիա անելը ավելի հեշտ դարձնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը:
«Մենք կռապաշտ ժողովուրդ երբեք չենք եղել: Նույնիսկ սրբապատկերները սրբազան չենք համարել: Դա պատուհան է եղել դեպի սրբազան իրականությունը: Սա լրիվ ուրիշ մշակույթի նշան է: Ասրյանների, Աշոտյանների սերունդ է առաջ գալիս, ու Ադոլֆիկի ֆոնին` Աշոտյանը նորմալ ու դրական է թվում, որ Բրիտանիայից փրկում է Անահիտի գլուխը»,- ասել է Գարեգին Չուքասզյանը:
«Սարդարապատը» ժողովրդի հայրենասիրությունը շահագործել փորձող կեղծ ազգայնամոլությունից ազատվելը տեսնում է իրական գիտակից ազատամիտ երիտասարդների քաղաքացիական ակիվության մեջ: Ըստ Չուքասզյանի` իրական ընդդիմությունը աթոռի 4-րդ ոտքն է, որ ճոճվում է ու ցույց տալիս իր կարևորությունը:
«Որպես բնապահպանական հարթակ սկսված շարժումը արդեն պարզապես բնապահպանական խնդիրներ չի բարձրացնում: Մենք այդտեղ տեսնում ենք ազատագրված անհատի: Մենք գործ ունենք այլընտրանքային մշակույթի հետ, որ սաղմնային փուլում է: Սարդարապատ շարժումը սրանք չի համարում ընտրությունները: Մենք բազմիցս ասել ենք, որ կազինոյում կազինոյին հաղթել չի լինի: Այլընտրանքից է ծնվելու իսկական ընտրությունը»,- ասել է Չուքասզյանը:
Լուսանկարը` hayocartsivner.am-ի