Ձևավորվելիք խորհրդարանում կոալիցիա կազմելու հավանականության մասին ՀՅԴ-ն դեռ վաղ է համարում խոսել, սակայն պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, ով կօգնի իրականացնել 4 հիմնական ոլորտներում անելիքներից կազմված իրենց քաղաքական ծրագիրը: Այս մասին այսօր Գերագույն մարմնի նիստում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռոստամյանը:
ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազանի խոսքով` շատ հարցերում «Ժառանգության» հետ միահամուռ ուժերով պայքարող ՀՅԴ-ն այժմ այդքան վստահ չէ, որ կհամագործակցի «Ժառանգության» նոր խմբակցության հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժառանգությունը» ընտրությունների է գնում «Ազատ դեմոկրատների» հետ միասին:
««Ժառանգությունը միավորվել է մի ուժի հետ, ում հետ մենք ունենք տարակարծություններ` հիմնականում մեր ազգային ծրագրի մասով: «Ազատ դեմոկրատներում» կան մարդիկ, ովքեր կողմ էին հայ-թուրքական արձանագրություններին»,- հիշեցրել է Արտյուշա Շահբազյանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ ՀՅԴ-ն մասնակցում է ընտրություններին հաղթելու նպատակով և կարծում է, որ նման հույսեր ունենալու բոլոր հիմքերն ունի, քանի որ ժողովուրդն արդեն «չի հավատում ոչ մուկ բռնող սարքին տեղադրված պանրի թարմությանը, ոչ սին խոստումներին»:
Ընտրությունների անցկացման որակի մասին կանխատեսումներ Վահան Հովհաննիսյանը հրաժարվել է անել, միայն նկատել է, որ դատելով այն բանից, թե ինչպես է ՀՀԿ փորձում «զոռով» անցկացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, իշխանությունը չի բացառում բախումները ընտրությունների ժամանակ, ինչը ՀՅԴ-ի համար անընդունելի է: