ՀՀԿ անդամ, Երևանի թիվ 13 ընտրատարածքում աոաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Սհեր) հարգում է լրագրողներին, բայց գտնում, որ «կան բաներ, որ ազդում են մարդու նյարդերի վրա»: Այս մասին Սեդրակյանն ասել է «Չորրորդ ինքնիշխանությանը» տված հարցազրույցում` մեկնաբանելով օրերս տեղի ունեցած միջադեպը, երբ ինքը լրագրողին անպատվել էր այն բանի համար, որ վերջինս փորձել էր իրեն լուսանկարել»:
«Ես ունեմ թշնամիներ, ինձ հետ դեպք է պատահել ու բոլորդ էլ գիտեք: Բոլորդ գիտեք, թե 8 տարի առաջ ինչ պատահեց ինձ հետ: Մեկ էլ կանգնած ես փողոցում, մեկը ապարատը պահել ա վրադ, ինչ-որ մեկը, ու մի երեսուն վայրկյանի չափ նկարում է: Քիչ է մնում քեզ ասի՝ հլը գլուխդ մի հատ սենց թեքի աջ, որ լավ նկար դուրս գա: Ճիշտն ասած, սկզբում ես ձայն չհանեցի, ասացի նկարում ա՝ թող նկարի: Բայց որ ապարատը երկար պահեց վրաս՝ ես ներվայնացա: Կարող եմ, չէ, մտածել, որ նկարում են ինձ, որ հետո նկարս տան քիլլերներին: Որովհետեւ դեպք է եղել ինձ հետ ու էդ դեպքը մինչեւ օրս չի բացահայտվել, եւ ես շատ մտավախություններ ունեմ: Դրանից հետո, երբ ասում եմ՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում, մոտենում է լրագրողը եւ դիկտաֆոնը բերանս մտցնելով, սկսում է հարցեր տալ: Ճիշտ է, ասել եմ՝ գնա հորդ նկարի: Ես հունից դուրս եկա: Սա լրագրողի դեմ չի եղել, որովհետեւ ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը եւ լրագրողներին: Ես էլ եմ դեմ, որ լրագրողներին նեղացնեն եւ վիրավորեն, բռնության ենթարկեն, ծեծեն: Բայց լրագրողն էլ իր չափը պետք է ճանաչի: Լրագրողները միշտ իմ նկատմամբ վատ են տրամադրված, մտածում են, թե ես չգիտեմ ով եմ: Հենց շփվում են հետս, ասում են՝ այ մարդ, էդ մարդը նորմալ մարդ ա, ինչի՞ էինք մենք տենց վատը մտածում նրա մասին: Էդ կողմից Գագիկ Շամշյանը լավ է. էնպես է նկարում, որ ոչ էլ իմանում ես՝ նկարել ա: Գագիկ Շամշյանը թաքուն է նկարում, իսկ սա եկել ա րոպեներով ապարատը պահել ա վրաս: Ուրեմն՝ ձեզ ասեմ, որ իրենց նպատակն ինձ նկարելը չէր, նպատակն ինձ պրովոկացիայի ենթարկելն էր: Լրագրության մեջ էլ պետք է արհեստավարժ լինես, նկարելու մեջ էլ, ամեն ինչի մեջ էլ արհեստավարժ լինելը լավ է: Ենթարկվեցի պրովոկացիայի: Իրենց նպատակն էլ հենց դա էր», – ասել է Սեդրակյանը:
Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ