Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում հրեական դպրոցի վրա հարձակում իրագործած և 4 մարդկանց սպանության մեջ կասկածվող տղամարդուն ճանաչել է Աֆղանական Կանդաղար քաղաքի բանտի տնօրենը, հաղորդում է Reuters-ը:
Գուլյամա Ֆարուքի խոսքով` Մոհամեդ Մերահն այն բանտարկյալներից է, որոնց ավելի վաղ հաջողվել էր փախուստի դիմել:
Բանտի տնօրենի խոսքով` Մերահը ձերբակալվել է 2007 թվականին` ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով, սակայն արդեն 2008-ին նա միացել է «Թալիբան» խմբավորմանը, որն էլ կազմակերպել է փախուստը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոհամեդ Մերահն Ալժիրի ծագում ունեցող ֆրանսիացի է: Նա իրեն «Ալ Ղաիդայի» գրոհային է անվանել: Մերահը հայտարարել էր, որ որոշել է գնալ ոճրագործության, որպեսզի վրեժ լուծի Պաղեստինում սպանված երեխաների համար:
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել նրա բնակության վայրը: Թուլուզում սկսվել էին հանցագործի ձերբակալմանն ուղղված գործողություններ, որի հետևանքով վիրավորվել են երեք իրավապահներ: Այս պահին մարդասպանը ձերբակալված է:
AFP-ի տեղեկություններով` ավելի վաղ ոստիկանները գործողության անցկացման վայր էին բերել կասկածյալի մորը, սակայն վերջինս հրաժարվել է բանակցել որդու հետ` հայտարարելով, որ ազդեցություն չունի նրա վրա:
Ֆրանսիական Le Monde պարբերականը հաղորդում է, որ ձերբակալվել են ահաբեկչի երկու եղբայրները և երկու քույրերը, ինչպես նաև նրա մայրը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին տղամարդը կրակ էր բացել դպրոցի կանգառում կանգնած մարդկանց ուղղությամբ և փախուստի դիմել մոտոցիկլետով: Հարձակման հետևանքով 4 մարդ էր զոհվել: