Կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին կարծում է, որ Շուշան Պետրոսյանի` խորհրդարան մտնելու թիրախը լինելու է Մշակույթի նախարարության հաստատության գլխավոր աթոռը: Այս մասին Արծրունին ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Շուշանը հստակ ձևակերպել է իր նպատակները. նա մտնում է պայքարի, նա մտնում է, որպեսզի կռվի: Այդ աթոռին նստած Շուշանը հաստատ ավելի հստակ պատկերացումներ ունի արվեստի ոլորտի մասին՝ կերպարվեստից սկսած մինչև բեմական արվեստ, և հաստատ ավելի մոտ է կանգնած այդ ոլորտին: Շուշանի խառնվածքը լավ իմանալով` վստահ եմ, որ նա կփորձեր և կռիվ տալ, և ծառայել», – նշել է Արծրունին:
Նրա խոսքով՝ այդ տեսանկյունից երգչուհու քայլն արդարացված է ու նորմալ:
«Կա նաև ներքին դրդապատճառ: Որքան հասկացել եմ, Շուշանը կիսում է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, ինքը այդ կուսակցության գաղափարակիցն է, իսկ ես հարգում եմ գաղափարային մարդկանց, այն արվեստագետներին, որոնք ունեն գաղափարներ ու ծառայում են դրանց: Այդ պարագայում նրանց քայլերը, որպես քաղաքացիներ, արդարացված են», – ասել է արվեստագետը:
Արծրունին չի ընդունում «խաղի մեջ մտնող» այն մարդկանց, ովքեր դժվարություններ ունեն անգամ հստակ խոսք ձևակերպելու հարցում:
«Հասկանալի չէ նման մարդկանց մոտեցումը, երբ նայում ես դեմքին ու հասկանում, որ այս մարդը օրենք գրող չէ, ոչ էլ օրենք հաստատող է, այս պարագայում շատ ավելի պրոբլեմատիկ է վիճակը, քան Շուշանի պարագայում», – նշել է Արծրունին:
Ասուլիսի մասնակից ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկո) փաստել է, որ նախկինում էլ ԱԺ-ում արվեստագետներ են եղել, սակայն ոչինչ չեն փոխել այս տարիների ընթացքում:
«Սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ ունեցել ենք Ռոբերտ Ամիրխանյան և այլ մտավորականներ, ու ինչո՞ւ է թվում, որ վաղը Շուշան Պետրոսյանը կգա և կփոխվի ամեն ինչ»,- ասել է Թութունջյանը:
Շարունակելով թեման` երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանն էլ համոզմունք է հայտնել, որ քաղաքականություն գնում են այն մարդիկ, ովքեր ոչ մի տեղ չեն կայացել:
«Իրենց գործում չկայացած մարդիկ գնում են քաղաքականություն: Սա շատ սովորական, աշխարհում ընդունված բանաձև է, եթե բոլոր հեղինակավոր քաղաքական գործիչների կենսագրություններին հետևենք, ապա կտեսնենք, որ նրանք ուրիշ մասնագիտություն են ունեցել, հետո եկել են քաղաքականություն: Իշխելու տենդը հաղթանակն է, իսկ ընդհանրապես լավ արվեստագետը արդեն ինքը իշխող է, էլ ի՞նչ խնդիր ունի», – եզրափակել է Բայաթյանը: