Այսօր` մարտի 21-ին, կյանքի 92-րդ տարում վախճանվել է իտալացի հայտնի սցենարիստ և գրող Տոնինո Գուերան:
Նախորդ շաբաթ իր 92-րդ հոբելյանը տոնած գրողը նաև հայտնի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի. Անդրեյ Տարկովսկու, Լուկինո Վիսկոնտիի, Ֆրանչեսկո Ռոզիի, Թեոդոր Անգելոպուլոսի ֆիլմերի սցենարների հեղինակն էր:
Գրել է ավելի քան 100 ֆիլմերի սցենար, որոնցից շատերը համարվում են դասական գործեր: «Օսկար» է ստացել «Կազանովա», «Սուրբ Լորենցոյի գիշերը» ֆիլմերի համար: Նրա սցենարները 8 անգամ արժանացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Տոնինո Գուերայի սցենարներով նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Արկած» (L’ Avventura, 1960), «Գիշերը» (La notte, 1961), «Խավարում» (L’eclisse, 1962), «Կարմիր անապատ» (Il deserto rosso, 1964), «Պայթյուն» (Blow-up, 1966), «Ամպերից այն կողմ» (Al di là delle nuvole, 1995), «Կազանովա» (Il Casanova di Federico Fellini, 1976), «Ջինջերն ու Ֆրեդը» (Ginger e Fred, 1986) և այլն:
2010 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Իտալական Ռիմինի քաղաքում աշխարհահռչակ գրողին էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը, իսկ ռեժիսորի արվեստը գնահատող հայաստանցի կինորեժիսորներ Ռուբեն և Վահե Գևորգյանները անգամ ֆիլմ են նկարահանել` նվիրված Տոնինո Գուերային: Փաստավավերագրական «Հրաշագործի անունը» ֆիլմը 2008 թվականին «Նոր կինո 21-րդ դար» միջազգային փառատոնին գլխավոր մրցանակի է արժանացել: