ՀՀԿ-ում ընթանում են դեմոկրատական գործընթացներ, և կուսակցության գործադիր մարմինը բավական երկար և մանրակրկիտ քննարկել է այն սկզբունքները, որոնց համաձայն ձևավորվել են նախընտրական ցուցակները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հասկանալի է, որ եթե մենք ղեկավարվենք ազգանուններով ու անհատներով, միշտ պրոբլեմներ են լինելու, որովհետև մարդիկ իրենց աշխատանքը, իրենց կատարած աշխատանքի արդյունքները տարբեր են գնահատում, և այստեղ կա սուբյեկտիվիզմի վտանգ: Դրա համար մենք բավական երկար քննարկել ենք այն հարցը, թե ինչ սկզբունքներով պետք է ձևավորվի մեր նախընտրական ցուցակը: Այդ սկզբունքների շուրջ մենք եկել ենք համաձայնության: Դա շատ ողջունելի մոտեցում է, որովհետև տրամաբանությունը հասկանալի է մեր կուսակցական ակտիվին, որովհետև նրանք մասնակցել են այդ սկզբունքների ձևավորմանը», – ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ համաձայն ձևավորված սկզբունքների, համամասնական ցուցակի առաջին շարքը կուսակցության գործադիր մարմինն է զբաղեցրել: Նրա խոսքով՝ տեղերով բաժանումը ոչ թե պայմանավորված է եղել պաշտոններով, այլ հերթականությունը սահմանվել է զուտ ներքին կուսակցական աշխատանքի բաժանման սկզբունքով:
Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Հովիկ Աբրահամյանը նորից դառնա ԱԺ նախագահ, վարչապետն ասել է, որ այսօրվա դրությամբ իրենք ոչինչ չեն բացառում, իսկ շատ հարցերի պատասխաններ ՀՀԿ-ն կտա ընտրություններից հետո: