Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Սախարովի հրապարակում գտնվող «Դուոս» ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ականատեսներից մեկը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նշել է դեպքի մասնակիցների անունները:
Հիշեցնենք, որ երեկվա համարում օրաթերթը ներկայացրել էր դեպքի ականատեսի վկայությունը, համաձայն որի, ակումբի մոտ մի տղամարդ վիճել էր ռուս պարուհու հետ, որի հետևանքով տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը` մեկ անգամ կրակելով աղջկա ուղղությամբ, երեք անգամ` օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերը ու գլուխը հարվածել մայթեզրին:
Այսօր ևս մեկ ականատես, ում անունը թերթը չի նշում, ասել է, որ «երեկ գիշերը ստեղ կրակոց եղավ, խփոցի էր, երեք անգամ օդ կրակեց, քացու տակ… խփեց գլուխը բորդյուրին, լավ ա` ձեռքերով պահեց»:
Նա նշել է, որ խփել են ակումբի ռուս պարուհիներից մեկին` Մոնիկային:
«Ասում են` խփողը Լֆիկն ա (հավանաբար, նկատի ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով հայտնի է Լֆիկ Սամո մականունով-խմբ.) եղել» հարցին` ականատեսը պատասխանել է.
«Հա… ես ճանաչում… էս օբյեկտը Լֆիկինն ա, էս սաղ իրանն ա: Ընդհանուր էս շենքը Լֆիկինն ա»:
Օրաթերթը զանգահարել է ոստիկանություն, որտեղից պատասխանել են, որ թերթի երեկվա հրապարակման վերաբերյալ իրենք ճշտումներ են անում, նյութը ուսումնասիրվում է, և արդյունքների մասին ոստիկանությունը կտեղեկացնի: