Մարտի 19-ին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մի քանի ակտիվիստներ իրենց էլեկտրոնային փոստերի վրա ստացել են «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկման մասնակցելու հրավեր, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:
«Թռչկան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ, համաձայն հրավերի, քննարկումը պետք է տեղի ունենա մարտի 23-ին, ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Հրավերից «Թռչկանի» ակտիվիստները տեղեկացել են, որ ՀՀ վարչապետի մարտի 13-ի որոշմամբ ստեղծվել է ինչ որ աշխատանքային խումբ, որում ընդգրկված չեն հասարակական կառույցների ներկայացուցիչները՝ վերոնշյալ հանրային քննարկումը կազմակերպելու նպատակով:
Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ չեն մասնակցելու քննարկմանը հետևյալ պատճառներով.
1. Մեզ համար պարզ չէ թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ հանրային քննարկումը, թե սա ևս նախընտրական քարոզարշավի համար նախատեսված միջոցառում է,
2. Ինչ արդյունքներ են ակնկալվելու հանրային քննարկումներից, մասնավորապես արտահայտված բացասական կարծիքների մասով,
3. Արդյոք հանրային քննարկման արդյունքում արտահայտած կարծիքներն ազդեցություն են ունենալու ՀՀ կառավարության որոշումների կայացման վրա,
4. Ինչ օրակարգ է, ովքեր են բանախոսները, ում միջոցներով է այն կազմակերպվում:
«Բացի դա, հասկանալի չէ նաև, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծվել այդ աշխատանքային խումբը, եթե կառավարությունն անընդհատ թմբկահարում է, որ խնդրո առարկա հանդիսացող ծրագիրը Հայստանի պատմության ամենակարևոր ծրագրերից մեկն է և հաշվի չեն առնվում և մինչև օրս ի կատար չեն ածվում Հայաստանի վերաբերյալ ընդունված Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները:
Կարծում ենք, որ այս ձևաչափով հանրային քննարկում կազմակերպելն արդյունավետ չէ, չի բխում ոչ հանրության, և ոչ պետության շահերից», – ասված է հայտարարության մեջ:
Բնապահպանները փաստում են նաև, որ հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհություններն ու իրավական հիմնավորումները` Թեղուտի և այլ նոր բացվող մետաղային հանքավայրերի շահագործման ծրագրերի հակաբնապահպանական, հակատնտեսական, հակապետական լինելու մասին, բայց չնայած այդ ամենին, դրանք համապատասխան ուշադրության չեն արժանացել թե կառավարության, թե ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից:
«Հետևապես, վերոշարադրյալից ելնելով մեզ թույլ ենք տալիս արձանագրելու, որ նմանատիպ ֆորմատով քննարկումներն ու լսումները ձևական և իմիտացիոն բնույթ են կրում, որին մենք աննպատակահարմար ենք գտնում մասնակցել և ներգրավել նմանատիպ միջոցառումներին:
Եվս մեկ անգամ պահանջում ենք ՀՀ կառավարությունից անհապաղ դադարեցնել Թեղուտի հանքավայրում ներկայումս ընթացող բոլոր աշխատանքները, և միայն դրանից հետո կատարել նոր համալիր բնապահպանական, տնտեսական և տեխնիկական ուսումնասիրություններ հասկանալու համար թե Թեղուտի, թե մյուս հանքավայրերի շահագործման ներկայիս ծրագրերի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը մեր պետության և բնակչության համար», – եզրափակում են հայտարարության հեղինակները: