Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, երեկ ԱԺ-ում շարունակվեց բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու ավանդույթը, որի առիթով ԱԺ համապատասխան նիստի ժամանակ իր բողոքն է հայտնել պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Հայկական պառլամենտարիզմի կենտրոն» կազմակերպության հաղորդմամբ` ՀՊԱԿ նղեկավար Ռուբեն Թորոսյանն այդ մասին այսօր հաղորդում է ներկայացրել ՀՔԾ` միաժամանակ տեղեկացնելով, որ փետրվարին նման միջադեպի գրանցման մասին իրենց զանգվածային հաղորդումների կապակցությամբ առ այսօր պատշաճ պատասխան չի ստացվել:
«Տեղեկացել ենք միայն, որ հաղորդումներն ուղարկվել են ԱԺ նախագահին, որը, մի քանիսի կապակացությամբ ինչ-որ կոչեր է արել և վերջ:
Այսինքն, այդ հաղորդումները «քնած են» ԱԺ նախագահի մոտ:
Պատկերացնո՞ւմ եք, ինչ պետություն ունենք, իր ՀՀԿ-ական գլխով՝ օրենքով սահմանված կարգով հաղորդում ենք ներկայացրել իրավապահ մարմնին, որի մասին գրեթե բոլոր ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, սակայն օրենքով սահմանված պատասխան առ այսօր չենք ստացել:
Թերևս, միայն մի «ուրախալի» լուր ենք ստացել այն մասին, որ այդ օրինախախտներից ոմանք ընդգրկվել են ՀՀԿ ղեկավար մարմնի և նախընտրական ցուցակի կազմերում: Այսինքն, ՀՀԿ ղեկավարի շրջապատը որակական լուրջ ձեռքբերումներ է ունեցել:
Խրախուսման այս պայմաններում, ինչու՞ չպետք է կրկնեին նույն հանցագործությունը, այն էլ՝ արդեն բարձրաստիճան կարգավիճակում:
Ինչևէ, այս մասին եվրոպական լուր ենք ուղարկել նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավարությանը», – ասված է ՀՊԱԿ-ի հաղորդագրության մեջ: