Այսօր քվորումի բացակայության պատճառով Ազգային Ժողովի նիստը չի գումարվել, ժամը 12:00-ի դրությամբ ներկա է եղել ընդամենը 39 պատգամավոր:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, երեք ժամ հետո դարձյալ պետք է նիստ հրավիրել` քվորումը ստուգելու պատճառով:
Լրագրողները հետաքրքրվել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանից, թե արդյոք քվորում չլինելու փաստը նորմալ է:
Նիկոյանն ասել է, որ եթե դիտարկենք անցյալ գումարման ԱԺ-ի վերջին քառօրյաները, ապա կտեսնենք, որ այս ընթացքում իրենք մի քանի քառօրյա էլ ավել են արել:
«Միշտ էլ բոլոր գումարման ժամանակ ասում ենք` «այ, նախորդն ավելի լավն էր, քան սա, հաջորդը կլինի ավելի լավ»: Ես այն տրամաբանությանն եմ, որ, իհարկե, հաջորդը միշտ ավելի լավը պետք է ակնկալենք: Բայց ես առանձնապես դժգոհ չեմ այս գումարման ԱԺ-ից, ինչքան էլ քննադատութուն կա: Եվ ԱԺ-ն նրա համար է, որ քննադատեն, դա հրապարակային մարմին է, բայց իր գործառույթները ԱԺ-ն, իմ կարծիքով, այս հինգ տարվա ընթցաքում կարողացավ իրականացնել, և պետք է հենց այդպես էլ հարցին մոտենալ», – ասել է Նիկոյանը:
Այն հարցին, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն նոր գումարման ԱԺ-ում, նա պատասխանել է, որ խորհրդարանում կլինեն այն քաղաքական ուժերը, որոնց ժողովուրդը կընտրի:
«Բայց ես որևէ գնահատականների, սուրճի բաժակ նայելու կամ թուղթ բացելու իմ ամբողջ այս գործունեության շրջանում չեմ առաջնորդվել դրանով: Գուշակություններում ես չկամ: Իսկ որ ընտրությունները լինելու են մեր երկրի համար աննախադեպ ակտիվ և նաև միջազգային չափանիշներին համապատախան, այ, դա ես համոզված եմ», – ասել է Սամվել Նիկոյանը:
Նա ասել է, որ նորմալ է գնահատում խորհրդարանական ընդդիմության աշխատանքը:
«Անկախ այն բանից, որ կարող է ինչ-որ ժամանակ ստիպված լինեինք խոսափողով ձայն բարձրացնել կամ հանդիմանել և այլն, դա պառլամենտին հարիր աշխատելաոճ է, եթե նայենք այլ պառլամետներում ինչպիսի մոտեցումներ կան`բանը հասնում է ծեծկռտուքի, քաշքշոցի, հայհոյանքների, մինչև անգամ որոշ պառլամենտներում ես տեսել եմ, որ փորձել են միմյանց խառակիրի անել: Մեր պառլամենտում այդպիսին չեղավ, մեկ անգամ առաջարկ եղավ կանգնել, Վահան Հովհաննիսյանն առաջարակեց պառկել, ես դրան դեմ դուրս եկա», – ասել է Նիկոյանը: