Հայ Ազգային Կոնգրեսը գործարարներ Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանների հետ միասին մշակել է մի ծրագիր, որը թույլ կտա ադեկվատ պատասխան տալ այն անօրինականությանը, որն այսօր իշխանությունները փորձում են իրագործել Խաչատուր Սուքիասյանի դեմ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Առանց որևէ օրինական հիմնավորման, ըստ էության, փորձում են Խաչատուր Սուքիասյանին զրկել իր ընտրական իրավունքից: Մենք արդեն հայտարարություն արել ենք այդ կապակցությամբ, մեր վրդովմունքը հայտնել ենք: Նաև դիվանագիտական կանալներով փորձում ենք ազդել իրավիճակի վրա: Պատրաստել ենք նաև այն, ինչ-որ խոստացել ենք մեր հայտարարության մեջ: Այսինքն` համարժեք մի պատասխան:
Նախևառաջ 10-րդ ընտրատարածքում, Խաչատուր Սուքիասյանից բացի, առաջադրվել է նաև Սարիբեկ Սուքիասյանը: Ինչ վերաբերվում է համամասնական ցուցակին, ապա Խաչատուր Սուքիասյանն այդ ցուցակում զբաղեցրել է 10-րդ տեղը, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս անորոշ վիճակում ոչ ոք չի կարող բացառել, որ իշխանությունները, այնուամենայնիվ, իրենց ապօրինությունները կանեն և Խաչատուր Սուքիասյանին կզրկեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ցուցակում 12-րդ տեղում մենք գրել ենք Սարիբեկ Սուքիասյանի անունը», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը նշել է, որ եթե Խաչատուր Սուքիասյանը հաստատվի որպես թեկնածու Սարիբեկ Սուքիասյանը դուրս կգա ցուցակից:
«Եթե Խաչտուր Սուքիասյանին չգրանցեն որպես պատգամավոր,ապա նա դուրս է գալիս ցուցակից, և բոլորը մի տող առաջ կգան, ու Սարիբեկ Սուքիասյանը կհայտնվի 11-րդ տեղում: Ահա սա է մեր համատեղ մշակված պլանի իմաստը: Մենք սրանով փորձում ենք առնել անարդարության դեմ: Ես վստահ եմ, որ սա բավական ադեկվատ պատասխան է: Ես կոչ եմ անում 10 -րդ տարածքի ընտրողներին իրենց քվեարկությամբ ապացուցեն, որ նրանք չեն հանդուրժի ապօրինություն», – ասել է Լևոն Զուրաբյանը: