Ճիշտ քարոզարշավ իրականացնելու և ծրագիրը ճիշտ և հնարավորինս մատչելի ներկայացնելու դեպքում ՀՀԿ-ն հնարավորություն ունի հավաքել շատ լուրջ քվե և կազմել մեծամասնություն: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշատակել է նաև «Հայաստանի Եվրոպական բարեկամներ» կազմակերպության անցկացրած սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց` ՀՀԿ-ն նախընտրական պայքարից առաջ ունի շատ լուրջ և հավակնոտ դիրքեր:
«Եթե մենք համեմատում ենք 2007 թվականի հետ, Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, և այսօր մեր հասարակության 33%-ը պատրաստ է ձայնը տալ Սերժ Սարգսյանին: Սա մի դեպքում խոսում է այն բանի մասին, որ ՀՀԿ-ն` իր նախագահի գլխավորությամբ, այս տարիների ընթացքում ավելացրել է իր վստահությունը և իրականացրել է քաղաքականություն, որը վստահություն է ներշնչում մեր հասարակությանը: Եթե համեմատենք 2007-ի քաղաքական կամպանիայի հետ, ապա երևում է, որ ավելի շանսեր ունի ընտրական մարաթոնը ավարտել որպես ֆավորիտ»,- ասել է Շարմազանովը:
Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչպես ինքը կբացատրի արտագաղթի մեծ թիվը, Շարմազանովն ասել, որ 2011-ին արտագաղթի թիվը 2010-ի համեմատ նվազել է: Բացի դա, ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, չի ասում, որ այն ուժն է, որ ամեն ինչ գիտի, այլ իրենք գնում են փոփոխությունների:
«ՀՀԿ-ն գտնում է, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, և մի կախարդական փայտիկով միանգամից չի կարող ամեն ինչ փոխել: Եվ եթե որևէ մեկը ասի, որ մի կախարդական փայտիկով կարող է ամեն ինչ փոխել, ապա նա քաղաքական դեմագոգ է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով այն փաստին, որ «Ֆեյսբուքում» ընթացող քվեարկության արդյունքներով ԲՀԿ-ն ձայների քանակով շրջանցել է ՀՀԿ-ին, Շարմազանովն ասել է, որ 2007 թվականին նույնպես ԲՀԿ-ն 10% առավելություն ուներ:
Շարմազանովը դա բացատրել է նրանով, որ ԲՀԿ-ի ձայներն ընտրությունների ժամանակ ցրվում են այլ ուժերի մեջ:
Հարցին` հավատում է արդյոք Շարմազանովը ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված, այսպես կոչված, սկանդալային դեմքերի, այդ թվում` Գագիկ Բեգլարյանի, Սուրեն Խաչատրյանի և Առաքել Մովսիսյանի փոխվելուն, Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀԿ-ն հավատում է իր ցուցակում ընգդրկված բոլոր 250 անդամներին: