Թուրքիայի Գերագույն վճռաբեկ դատարանը մարտի 21-ին կրճատել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամաստի պատժաժամկետը:
Ստամբուլի անչափահասների դատարանը նախորդ տարվա հուլիսին 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման էր դատապարտել Սամասթին «Հրանտ Դինքի ծրագրված սպանության» և «զենքի ապօրինի կրման» համար: Այդուհանդերձ, Թուրքիայի Քրեական օրենսգրքի համաձայն, Սամասթը բանտից դուրս կգա պատժաժամկետի երկու երրորդը կրելուց հետո:
Քանի որ Սամասթն արդեն իսկ բանտում անցկացրել է 5 տարի, նա ազատության մեջ կլինի 2022-ին:
Սկզբում անչափահասների դատարանը Սամասթին ցմահ ազատազրկման էր դատապարտել,սակայն ավելի ուշ սահմանափակվել էր 21 ու կես տարով, քանի որ սպանության պահին նա անչափահաս էր: Ավելի ուշ դատարանը ևս 16 ամիս էր ավելացրել ապօրինի զենքի կրման համար:
Ավելի վաղ դատարանում ինքը` Սամասթը հայտարարել էր սպանությունը իրագործել է այլ մարդկանց ազդեցության տակ` միաժամանակ մեղադրելով լրատվամիջոցներին, որոնք ատելություն են սերմանել և իրենց դրդել են նման քայլի: