Մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ «Առավոտին» հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիակի վրա դրված է եղել մի գրություն: Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ գրության մեջ մասնավորապես գրված է եղել. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»:
Հայտնի է, որ սպանվածի որդին գտնվում է հետախուզման մեջ՝ մի շարք խարդախություններ կատարելու կասկածանքով:
74-ամյա Չինար Խուդոյանն ապրում էր իր ամուսնու՝ 73-ամյա Թորգոմ Խուդոյանի հետ: