Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին 7-րդ ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ»օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը: Այս մասին Փաշինյանը նշում է այսօր հրապարակած հայտարարության հետգրության մեջ: Հիշեցնենք, որ տվյալ ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանը պայքարելու է անկուսակցական Վարդան Վարդանյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ: Վերջինիս թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն:
«ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16.50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, և հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից, կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից», – հետգրության մեջ նշում է Փաշինյանը:
Բուն հայտարարությունում ՀԱԿ ներկայացուցիչն ընդգծում է, որ իր առաջադրվելը բխում է իր քաղաքական գործունեության տրամաբանությունից, Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորություններից, Համաժողովրդական շարժման հետագա պայքարի տրամաբանությունից:
Նա նշում է, որ այդ պայքարի տրամաբանությունն է՝ այսօր, այստեղ, հիմա´ պայքարել Հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի, այսօր, այստեղ, հիմա´ պայքարել ընդդեմ քաղաքացուն ստրկացրած համակարգի, այսօր, այստեղ, հիմա´ հավատալ Հայաստանի քաղաքացուն և նրա ապագային, այսժամը, այսօրը, հիմա´ն դարձնել ապագայի մեկնարկային հարթակ:
«Հավատում եմ, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ այնքան փոխելն է, որքան փոխելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե հայրենիք կերտելը, այլ հայրենիք կերտելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե ազատություն շնորհելը, այլ ազատություն ձեռքբերելու հնարավորություն ստեղծելը` յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիների հավաքականություն ժողովրդի համար: Ինչպես Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր գործչի, այնպես էլ իմ հիմնական առաքելությունը սրանում եմ տեսնում. հաստատվել, լինել, ինքնառաջադրվել որպես այլընտրանք` ընդդեմ կանխորոշված հուսահատության և հուսահատ կանխորոշվածության:
Ոչ այնքան ուզում եմ պատգամավոր ընտրվել այս ընտրատարածքից, որքան պատգամավոր ընտրելու հնարավորություն ստեղծել Քաղաքացու համար: Թեեւ այս ընտրատարածքի մանդատով մարդ կա խորհրդարանում, բայց ընտրողները չունեն պատգամավոր, որովհետեւ պատգամավոր` նշանակում է լինել ընտրողի, քաղաքացու, ժողովրդի պատգամի, կամքի, ցանկության կրող: Դեռ մինչև մի քանի ժամ առաջ թիվ 7 ընտրատարածքի ընտրապայքարի ֆավորիտ համարվող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) վերջին հինգ տարին անց է կացրել խորհրդարանում` որպես նույն ընտրատարածքի պատգամավոր` ու ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի անգամ հարց չի տվել կառավարությանը, չորրորդ գումարման ԱԺ-ում տեղի ունեցած 2 հազար 164 քվեարկություններից բացակայել է 1642 անգամ (բացակայությունը 76 տոկոս), իր մասնակցությամբ «պատված» հատուկենտ քվեարկությունների 99.9 տոկոսում «կողմ» է եղել, չնայած դեռ պետք է պարզել` դա ի՞նքն է քվեարկել, թե իր փոխարեն են քվեարկել», – իր հայտարարության մեջ նշում է Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական գործիչն ընդգծում է, որ 7-րդն այն ընտրատարածքներից է, որտեղ «քոչարյանասերժական կլանի ստեղծած համակարգը խտանում է բոլոր մռայլ գույներով»:
«Այստեղ լինելը ինձ համար ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական պարտավորություն է: Այդ պարտավորությունների կատարմանը նվիրված ենք անմնացորդ, այդ պարտավորությունների կատարման հորձանուտ մտնում ենք առանց սեթևեթանքի, որովհետև ասելիք ունենք ՀՀ քաղաքացուն, ՀՀ քաղաքացին ասելիք ունի մեզ: Տեղի է ունենալու Մեծ խոսակցություն, և հաղթելու է Հայաստա´նը, հաղթելու է Քաղաքացի´ն, հաղթելու է Ազատությո´ւնը: Բարով ես գալիս` Ապագա´», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: