«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը համոզված է, որ մարմնավաճառությունը և հասարակաց տները Հայաստանում պետք է օրինականացնել: Դրանով իսկ, ըստ իրավապաշտպանի, մի շարք կարևորագույն խնդիրներ կլուծվեն, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ:
Epress.am-ի հետ զրույցում Դանիելյանը, մասնավորապես, նշել է, որ հաճախ մարմնավաճառների «տանիք» են հանդիսանում իրավապահ մարմինների ներկայացուցիչները, և նման քայլով հնարավոր կլինի խուսափել կոռուպցիոն ռիսկերից: Բացի դա, մարմնավաճառության օրինականացումը հնարավորություն կտա նրանց ստեղծել արհմիություններ, ինչպես բազմաթիվ այլ երկներում, և հնարավոր կլինի պաշտպանել մարմնավաճառների իրավունքները: Օրինականացման դեպքում հնարավոր կլինի ավելի բարձրակարգ ծառայություններ մատուցել` խուսափելով վեներական հիվանդություններից:
Դանիելյանի խոսքով` չնայած մարմնավաճառությունը ենթակա է վարչական պատասխանատվության, իսկ կավատությունը` քրեական, այն Հայաստանում ծաղկում է` լինելով լայն տարածված ստվերային բիզնես: Իրավապաշտպանը գտնում է, որ գոնե այդ պատճառով ավելի լավ կլինի մարմնավաճառությունն օրինական դաշտ բերել` այն դարձնելով վերահսկելի և հարկելի, քանի որ միևնույնն է, օրինակ, կին մարմնավաճառների ծառայություններից օգտնվում է հայաստանցի տղամարդկանց մեծ մասը, և արգելքը, փաստորեն, ձևական բնույթ է կրում, ու մարմնավաճառությունը հնարավոր չէ արմատախիլ անել: Նա նաև ընդգծել է, որ այս պահին մարմնավաճառներին առաջին անգամ գումար վերցնելու համար 1000 դրամի չափով վարչական տույժի են ենթարկում, երկրորդ անգամ նման դեպքը բացահայտելու ժամանակ` 2000 դրամ, սակայն հուլիսի վարչական տույժի չափը փոխվելու է` դառնալով 20 հազար առաջին դեպքում, և 40 հազար երկրորդ դեպքում: Դա, ըստ իրավապաշտանի, կարող է հանգեցնել գների բարձրացման:
Դանիելյանը նշել է, որ Հայաստանում մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ զբաղվում են մարմնավաճառների իրավունքներով, այնուամենայնիվ, խնդիրները չափազանց շատ են:
«Մարմնավաճառները հաճախ ստիպված են դառնալ իրավապահ մարմինների ձեռքում գործիք, «գործ տվող», որպեսզի հնարավորություն ստանան առանց խնդիրների աշխատել: Մարմնավաճառները ևս ձերբակալվում են, սակայն ավելի հաճախ` «մամա Ռոզաները», որոնք երբեմն համաձայնության չեն գալիս իրենց «տանիքների» հետ: Հայտնի է, որ մարմնավաճառների մեջ էլ կան տարբեր մակարդականեր. Նրանք, ովքեր փողոցում են կանգնում, և կանչով աղջիկները, որոնք ավելի էլիտար են ու թանկ: Սակայն մեծ հաշվով նրանցից շատերի իրավունքները պաշտպանված չեն», – ասել է Միքայել Դանիելյանը:
Նա նշել է, որ ներկայիս իշխանությունների պարագայում մարմնավաճառության օրինականացման մասին օրենքը չի կարող ընդունվել և կապված է հայաստանյան այսօրվա հասարակության մենթալիտետի հետ: Սակայն, Դանիելյանի խոսքով, անգամ եթե իշխանության գան լիբերալները կամ դեմոկրատները, գրեթե ոչինչ չի փոխվի, որովհետև նրանցից շատերի գաղափարախոսությունը նույնպես մոտ է ազգայինին, ինչը չի նախատեսում նման խնդիրների հրապարակային բարձրաձայնումը:
«Հավանաբար, չի լինի պատգամավոր, որ կբարձրաձայնի այդ խնդիրը, նրանք կամաչեն, քանի որ ազգային մենթալիտետի համաձայն, ընդունված չէ ասել, որ նման բանը կարելի է օրինականացնել» , – ասել է Դանիելյանը` հավելելով, որ խնդիրը միշտ արդիական է մնալու, քանի որ անմիջականորեն վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Epress.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Հայաստանում կայք է ստեղծվել, որտեղ մարմնավաճառները իրենց ծառայություններն են առաջարկում, ինչը քննարկումների առարկա է դարձել մամուլում և սոցցանցերում: Ոստիկանությունն այդ առնչությամբ հայտարարել է, որ ստուգում է կայքի գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: