Home / Հայաստան / «Ժողովուրդն ինձ սիրում ա». Սամվել Ալեքսանյանը չի վախենում Նիկոլ Փաշինյանից. հարցազրույց

«Ժողովուրդն ինձ սիրում ա». Սամվել Ալեքսանյանը չի վախենում Նիկոլ Փաշինյանից. հարցազրույց

Երեկ «Ժողովուրդ» թերթը զանգահարել է Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված օլիգարխ Սամվել Ալեքսանյանին՝ պարզելու, թե ինչ տրամադրություն ունի և ինչպես է ընդունել նույն ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման լուրը։

– Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին։ Երկու կարկառուն ընդդիմադիրներ են պայքարելու Ձեր դեմ։

– Շատ լավ, շատ ընտիր ընտրություն կլինի։

– Իրենք հրապարակային քաղաքական գործիչներ են։ Ի՞նչ մեթոդներով եք պայքարելու նրանց դեմ։

– Ընտրություն ա, անելու ենք: Ի՞նչ մեթոդներ պետք ա անենք։ Ամեն ինչ օրինական։

– Մտավախություն չունե՞ք, որ կպարտվեք։

– ՉԷ, էդ ձև մտավախություն չունեմ։ Սաղ լավա։

– Մի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտերիմ էիք, խորհրդարանում նստում էիք նրանց շարքերում, դրա համար Էլ Ձեզ Րաֆֆու Սամվել էին ասում։ Նա Ձեզ ասե՞լ էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը։

– Չէ, ես էսօր եմ իմացել (երեկ-խմբ.)։

– Իսկ Րաֆֆու Սամվե՞լը։ Ձեզ դուր գալի՞ս է այդ նոր իմիջը։

– Դե թերթերն են գրել, էդ ձև բան չկա։

– Իսկ Նիկոլ Փաշինյանի մասով ինչ կասեք։ Նա դաժան քննադատելու է Ձեզ, որ օլիգարխ եք, հարկերը չեք վճարում, ժողովրդին նեղացնում եք։ Ինչպե՞ս պետք է ձայներ հավաքեք։

– Ես իմ հարկերն էլ եմ տալիս, ժողովուրդն էլ ինձ սիրում ա։ Ի՞նչ խնդիր կա։

– Ձեզ շատ դժվար կլինի ձայներ հավաքել Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությունից հետո։ Ընտրակաշառք չե՞ք բաժանելու, որ ձայն ստանաք։

– Ես էլի եմ ասել, նախ՝ ես փող չունեմ, որ բաժանեմ, երկրորդն էլ՝ օրենքը թույլ չի տալիս, որ ընտրակաշառք բաժանենք։ Ամեն ինչ մաքուր, օրինական պտի լինի։

– Իսկ ո՞ւմ հույսով եք, որ պիտի ընտրվեք։ Եթե ամեն ինչ օրինական լինի, կընտրվե՞ք։

– Մեր համայնքի ժողովրդի հույսով եմ։ Ես իմ ժողովրդին շատ եմ սիրում և մտածում եմ, որ իրանք Էլ՝  ինձ։ Մենք լավ ենք ժողովրդի հետ։

– Պարոն Ալեքսանյան, այստեղ խոսակցություններ կան, որ Դուք կրակոցներ եք արձակել «Դուոս» գիշերային ակումբում, որը Ձեզ է պատկանում։

– Ես դիսկատեկ, գիշերային ակումբ, տենց բաներ չունեմ։ Ոչ էլ գնում եմ։ Էս 30 տարի ա՝ ես դիսկատեկայի տեղն էլ չեմ իմանում։ Մի հատ «Փարվանա» էր, էն էլ տվի կնոջս, պրծա։ Ես ոչ մի բան էլ չունեմ։

– Իսկ զենք ունե՞ք։

– Զենք, այո, ունեմ։ Օրինական, ամեն ինչով։

– Փողոցում վերջին օրերին չե՞ք կրակել։ Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը (նկատի ունի Սախարովի հրապարակում հնչած կրակոցները – խմբ.)։

– Ազիզ ջան, էս շաբաթվա սկզբից ես Դուբայում եմ, ո՞ւր եմ կրակել։ Չէ, չէ, նման բան չկա։ Ես հիմա հասկանում եմ, թե ինչի են սարքում։ Ընտրապայքար ա, բան ա։ Սարքում են, որ իմ մասին վատ բաներ խոսան, որ ռեյտինգս ընկնի։ Բայց տենց բան չկա։ Ես ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ կրակոց։

– Մտածում եք՝ Ձեր «գլխին սարքում են» ականատեսնե՞րը։

– Չգիտեմ՝ ով ոնց, ինչ ա ասում, բայց ես տենց բաների հետ կապ չունեմ։ Ես իմ համար ապրում եմ, ամեն անգամ բերում, մի բան սարքում են։ Ի՞նչ եք ուզում ինձանից։ Երդվե՞մ, որ հավատաք՝ կապ չունեմ։ Մի՛ հավատացեք, քաղաքական սարքած բաներ են։