«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրություներում իրենց և «Ժառանգություն» կուսակցության համատեղ ցուցակը հավաքելու է ձայների մոտ 20 տոկոսը և համապատասխան տեղ է զբաղեցնելու խորհրդարանում: Այս մասին Առաքելյանը նշել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Ընտրություններն անցնելու են Հրազդանի քաղաքապետի ընտրություն նույն սցենարով ու հաղթելու է իշխանությունը: Թեև հետընտրական ցնցումներ ու անկարգություններ լինելու են, սակայն ոչ այնպես, ինչպես եղել են նախագահական ընտրություններից հետո», – ասել է նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ «Ազատ Դեմոկրատների» միասնական ցուցակի վերաբերյալ բանակցություններին, ապա Առաքելյանը նշել է, որ «Ժառանգությունը» միակ քաղաքական ուժն էր, ով քաղաքական առումով ավելի մոտ է «Ազատ դեմոկրատներին»: Բանախոսն անդրադարձել է նաև «Ազատ դեմոկրատների» ցուցակում ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի չլինելուն:
«Նշեմ, որ Զուրաբյանը մեր կուսակցության ամենամոտ ընկերն է, և մեծ լումա ունի այս համագործակցության մեջ: Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն նրան էր առաջարկվել ղեկավարել մեր ցուցակը, իսկ նա գտավ, որ կուսակցության ցուցակը պետք է ղեկավարի կուսակցության նախագահը, և ոչ թե ինքը», – ասել է Առաքելյանը:
Լուսանկարը` aravot.am