Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Իլդիրայ Սապանը թմրանյութ է անցկացրել խորհրդարան` ցուցադրելու համար, թե որքան հեշտ է Թուրքիայում ձեռք բերել և փոխադրել թմրանյութերը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Խորհրդարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա ցույց է տվել հերոինը և կոկաինը` փոխանցելով այն խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին: Պատգամավորն ասել է, որ հեշտությամբ գնել է թմրանյութը Անթալիայի կենտրոնում գտնվող Զեյթինքեյ թաղամասում:
Պատգամավորը գաղտնի նկարահանել է թմրանյութի գնման պահը, իսկ վաճառողները, ոչինչ չկասկածելով, նրան սովորական գնորդ են համարել:
Սապանի խոսքով` թմրանյութը գնելու ընթացքում նրանից ծածկագիր են հարցրել (պանի՞ր, թե՞ քար): «Պանիրն» այս դեպքում հերոինն է, իսկ «քարը» կոկաինը:
Սապանը նշել է, որ թմրանյութերը խորհրդարան բերելով ցանկանում էր հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրին: