Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախազգուշացրել է իշխանություններին, որ եթե վերջինները փորձեն Մաշտոցի այգում թողնել կրպակները, «աշխարհով մեկ խայտառակելու են նրանց»:
«Google map-ի մեջ կդնենք հատուկ զգուշացում, որ այս տարածքը զավթած է ժողովրդից ու այստեղ այցելել, գնում կատարել ամոթ է: Տուրիստներ կգան նկարելու ու ծաղրելու, սա դարձնելու ենք զանգվածային պարսավանքի տարածք: Հետո տարածելու ենք մյուս «օբեկթների» վրա: Համացանցային բոյկոտից` մինչև համաժողովրդական բոյկոտ»,- գրել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի բնապահպանները, ակտիվիստները, ինչպես նաև սովորական քաղաքացիներ պայքարում են Մաշտոցի այգում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար: Նրանց պայքարին են միացել մի շարք հայտնի մարդիկ` իրենց աջակցությունը հայտնելով բնապահպաններին և դատապարտելով կրպակների տեղադրումը: