Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ընթացել է պետական դավաճանության հոդվածով ԱԱԾ կողմից 6 ՀՀ քաղաքացիների դեմ հարուցած դատական գործի քննության հերթական նիստը, որի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը կարդացել է իր պաշտպանական ճառը:
Հիշեցնենք, որ, քրեական գործի համաձայն` Չտրկյանը մեղադրվում է պետական դավաճանությանը աջակցելու մեջ: Հանցագործությունը կազմակերպելու մեջ է մեղադրվում Կարեն Մեհրաբյանը, ով, ըստ գործի, 2011թ. մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության ստանալու դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել:
Բաղդասարյանն իր ճառում նկատել է, որ գործի նախաքննության և դատավարության փուլում թույլ են տրվել օրենքի բազում խախտումներ, որոնցով ձեռք բերված ապացույցները չեն կարող հիմք հանդիասնալ Չտրկյանին մեղավոր ճանաչելու համար:
Փաստաբանը նկատել է, որ դատարանի աչք փակելը մեղադրող կողմի թույլ տված խախտումների հանդեպ, դատարանի անաչառության վրա կասկածելու հիմքեր է ստեղծում:
Բաղդասարյանը նշել է, որ գործով քննվող հանցագործությունը ենթակա է քննության ԼՂՀ-ում, քանի որ գործով ձեռք բերված նույթերում չկա հանցագործություն, որը կհամարվի ՀՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածով (պետական դավաճանություն) քննության ենթակա:
Նա նշել է, որ 229 հոդվածով պետական դավաճանություն է համարվում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ տարված գործողությունը, իսկ տվյալ գործով ներգրավված մարդիկ, համաձայն քրեական գործի, հետաքրքրված են եղել միայն ԼՂՀ բանակի մասին տեղեկատվությամբ:
«ԼՂՀ-ն ունի իր պետական ատրիբուտները, ուստի այստեղ մեղադրող կողմը գործը Եվրոպական դատարանում հայտնվելու դեմքում պետք է տա հիմնավորում, ըստ որի ԼՂՀ-ն ՀՀ մաս է կազմում: Այդ դեպքում տեղի ունի սահմանադիրության 103 հոդվածի խախտում, ըստ որի այն մարդը, ով ՀՀ որևէ հատված համարում է անկախ, հանցագործ է», – ասել է փաստաբանը` հավելելով, որ օրենքում անհամընկնումները ճշտելու համար միանալով փաստաբան Էդմոնդ Մարուքյանի միջնորդությանը, դիմում է Սահմանադրական դատարան` որոշելու 229 և 335 (հանցագործության մասին չհայտնելը) հոդվածների սահմանադրականությունը որոշելու հարցը:
Բաղդասարյանը նշել է նաև, որ քանի որ հանցագործությունն ավարտվել է Տավուշում ուստի դատական քննությունը պետք է չքննվի Երևանում, կամ եթե արդեն սկսվել է, պետք է կասեցվի և ստացված ապացույցներն անվավեր պետք է ճանաչվեն, եթե կողմերից մեկը պահանջում է քննություն Տավուշի առաջին ատյանի դատարանում:
Հիշեցնենք, որ Մեհրաբյանը ձերբակավել է հայ-վրացական սահմանին` Թուրքիա հետ գնալու ճանապարհին` 2011թ. հուլիսի 23-ին: