Ջրաշենում սպանված 74-ամյա Չինար Խուդոյանի սպանությունը բացահայտվել է. Մարտի 22-ին, ժամը 19.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Գևորգ Սարգսյանին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Չինար Խուդոյանին դանակահարել և սպանել է ինքը:
Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սպանությունից հետո Չինար Խուդոյանից հափշտակած և իրեղեն ապացույց հանդիսացող «Սամսունգ» բջջային հեռախոսը:
Գևորգ Սարգսյանը ձերբակալված է:
Հիշեցնենք, որ կնոջ դիակը հայտնաբերվել էր իր տանը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը:
Դիակի վրա դրված է եղել մի գրություն: Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ գրության մեջ մասնավորապես գրված է եղել. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»:
Հայտնի է, որ սպանվածի որդին գտնվում է հետախուզման մեջ՝ մի շարք խարդախություններ կատարելու կասկածանքով:
74-ամյա Չինար Խուդոյանն ապրում էր իր ամուսնու՝ 73-ամյա Թորգոմ Խուդոյանի հետ: