Ոստիկանությունը Life News կայքի լրագրողների բողոքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի և ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինի դեմ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի «սեփականությանը դիտավորյալ վնաս հասցնելը» հոդվածի համաձայ:
Ավելի վաղ LifeNews լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրելյանովը նամակ-բողոք էր գրել Մոսկվայի ոստիկանության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի անունով` վստահեցնելով, որ իր կայքի լրագրողների վրա հարձակում են գործել Սոբչակն ու Յաշինը: Բաց նամակում ասվում էր, որ նրանք հարձակվել են լրագրողի վրա և կոտրել տեսախցիկը:
Միջադեպը տեղի էր ունեցել Տվերսկայա պողոտայում գտնվող ռեստորանում: Ընդհարումը սկսվել էր այն ժամանակ, երբ լրագրողները ռեստորանում նկարահանելիս են եղել Սոբչակի զրույցը ընդդիմադիրների հետ:
Քսենիա Սոբչակը իր հերթին հայտարարել էր, որ ինքը ունի այդ միջադեպի տեսագրությունը, որը հերքում է Life News-ի լրագրողների հայտարարությունը:
Միաջդեպից հետո Սոբչակը հրավիրել է Աշոտ Գաբրելյանովին իր «Собчак живьем» հաղորդմանը, սակայն վերջինս հրաժարվել է առաջարկից: Ծրագրի շրջանակներում Սոբչակը խոստացել էր ցուցադրել նրան միջադեպի տեսագրությունները: