Գրող հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը կարծում է, որ արձակագիր Հովհաննես Իշխանյանի դեմ, ում հետապնդում են «Ուվալնյատի օրը» գրքի համար, քրեական գործ չեն հարուցի: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Պասկևիչյանի խոսքով` նման հետապնդում գրական գործի վրա պարզապես աբսուրդ է: Մյուս կողմից` հրապարակախոսը ռազմական ոստիկանության այս քայլը համարել է փորձ շեղել հանրության ուշադրությունը շատ ավելի կարևոր նախընտրական գործընթացներից:
Գրող Կարեն Անտաշյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային` ասել է, որ հարցը ունի երկու կողմ:
«Իհարկե, ես շատ բացասական կվերաբերվեմ, եթե իրոք քրեական գործ հարուցվի: Սակայն մյուս կողմից` սա, այնուամենայնիվ, վերաբերմունք է տեքստի հանդեպ: Մի քանի տարի առաջ, երբ համասեռականների մասին գրքի շուրջ նման քննադատություն եղավ Վրաստանում, մեր գրողները կարող էին երազել, որ իրենց գործերը ևս քննարկման առիթ կդառնան»,- ասել է Կարեն Անտաշյանը:
Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը ևս անդրաձարձել է գրողի նկատմամբ հետապնդմանը` Ֆեյսբուքի իր էջում գրելով. «էս պետք ա որ առաջին դեպքը լինի հայոց պատմության մեջ, որ գրքի համար մարդու վրա գործ են բացում: Եթե, իհարկե, 37 թիվը չհաշվենք»:
Երեկ Հովհաննես Իշխանյանն Epress.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրեն մի քանի անգամ հրավիրել են Ռազմական ոստիկանություն` հարցաքննության: Գրողին խնդրել են «Ուվալնյատի օրը» գրքի պատմվածքներում մատնանշված դեպքերի վերաբերյալ գրավոր բացատրություն տալ, մասնավորապես, ասել` արդյոք գրքում քննարկվող իրադարձությունները հիմնված են իրական փաստերի վրա:
Հարցին Իշխանյանը պատասխանել է` ասելով, որ գիրքը գեղարվեստական է, հետևաբար բոլոր հերոսներն ու դեպքերը հորինված են: Նույն հարցին նույն պատասխանը Իշխանյանը ստիպված է եղել տալ նաև այսօր Ոստիկանության կենտրոնական քննչական բաժնում:
«Դատելով հարցերից ու իրենց տրամադրվածությունից` իմ գրքի մեջ տեսնում են բանակի հանդեպ վիրավորանք, մոր կերպարի հանդեպ վիրավորանք, սակայն քանի որ չկա օրենք այդ մասերով, փորձում են պոռնոգրաֆիայի մասին հոդվածը իմ դեմ օգտագործել, որը վերաբերում է միայն պատկերային արվեստին: Ինչքան հասկացա` քրեական գործ են ուզում հարուցել»,- մեզ հետ զրույցում ասել էր Հովհաննես Իշխանյանը:
«2011թ. 300 օրինակով տպագրված 178 էջից բաղկացած 1500 դրամ արժողությամբ «Ուվալնյատի օրը» գրքում գռեհիկ ձևերով նկարագրված են սեռական հարաբերություններ` շարադրված կոպիտ հայհոյանքներով և արտահայտություններով»,- հարցի մասին պարզաբանումներ տալով` մեզ հայտնել էին Ոստիկանության լրատվական վարչությունից:
Այժմ գործը գտնվում է հետաքննության մեջ, անցկացվում են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև Մշակույթի նախարարության կողմից, որոնցից հետո միայն Ոստիկանությունը հստակ կասի ` գործ հարուցվելու է, թե ոչ: