Մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանն այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում հանդես է եկել բաց նամակով, որում քաղաքական ուժերին և մարզական կառույցի ղեկավարներին կոչ է անում գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չներքաշել մարզիկներին քարոզարշավի մեջ:
«Քաղաքականության մեջ ինչ-որ տեղ բնական պայքարի այս օրերին դիմում եմ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու անհատներին, նաև Հայաստանի մարզական ղեկավարներին, Օլիմպիական կոմիտեի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին: Սպորտն այն յուրահատուկ բնագավառն է, որ կարողանում է միավորել բոլորին` անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական կարգավիճակից: Ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի, ըմբիշ Ռոման Ամոնյանի, շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակները միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում` մեր ժողովրդի հաղթանակներն են և ոչ թե նրա առանձին հատվածներինը: Վերջին շրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ցուցադրած խաղն ու արդյունքները ինչ-որ տեղ շրջադարձային կարելի է համարել Հայաստանի նորագույն պատմության մեջ, բոլորն էին նշում, որ մեր ընտրանու հաղթանակները միավորում են մեր ժողովրդին, ու դա ապացուցում է թիմային պայքարում հայերիս մրցունակության մասին: Հայաստանի գործող լավագույն մարզիկների, հատկապես մեր ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթներն ամբողջ ժողովրդի ուրախությունն ու հպարտությունն են, նաև բոլորին միավորող եզակի իրադարձություններ, որոնք կարող են մեր երկիրը դարձնել հզոր ու միասնական: Կոչ եմ անում մեր գործող մարզիկներին, ֆուտբոլի ընտրանու անդամներին չներքաշվել քարոզարշավի մեջ», – գրում է Արմեն Նիկողոսյանը:
Նա նշում է, որ ցանկացած կուսակցություն, որը կփորձի իր քարոզարշավում օգտագործել Հայաստանին հաղթանակներ բերած մարզիկներին, իր դրոշն ավելի բարձր կդասի, քան Հայաստանի պետական դրոշը, իր կուսակցությունն ավելի կկարևորի, քան Հայաստանի Հանրապետությունը:
«Եթե անգամ որևէ մարզիկ ինքը ցանկություն կհայտնի ընդգրկվել այս կամ այն կուսակցության քարոզարշավին, ապա դա չպետք է թույլ տալ: Առջևում Լոնդոնի Օլիմպիական խաղերն են, 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի ընտրական մրցաշարը, որտեղ մենք ակնկալում ենք երկար սպասված հաղթանակներ: Թույլ մի տվեք այդ հաղթանակները դառնան ժողովրդի մի հատվածինը միայն: Կարծում եմ` Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մեր առաջատար մարզիկները չեն մասնակցելու քարոզարշավին: Ձեռք մի տվեք էս տղերքին», – եզրափակում է լրագրողը:
Նշենք, որ Հայատսանի Օլիմպիական կոմիտեի նախագահն է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը` ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: