Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են երկու դաղստանցու, որոնք մայրաքաղաքում միասեռականների սպանությամբ էին զբաղվում: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` 22 և 25-ամյա երիտասարդները հանցագործություններ էին իրականացնում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ ատելության» ֆոնի վրա:
Հոմոֆոբները սկզբում ծանոթանում էին իրենց զոհերի հետ համացանցում, գալիս նրանց բնակարաններ, իսկ հետո խեղդամահ էին անում: Ձերբակալվածներն արդեն խոստովանել են, որ երեք սպանություն են իրականացրել ընդամենը մեկ շաբաթում` սկսած մարտի 14-ից:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ սպանվածների անձերը հաստատվել են: Նրանցից մեկը մայրաքաղաքային գեյ-ակումբներից մեկի պահակն էր:
Ոստիկաններին հաջողվել է որսալ հանցագործներին իրենց իսկ մեթոդով: Իրավապահները նույնպես միասեռական են ներկայացել համացանցում և ժամադրվել են: Ուշագրավն այն է, որ հետաքննությունը պարզել է, որ հանցագործները նույնպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում են ունեցել, Մոսկվա են ժամանել Դաղստանից կես տարի առաջ: