Այդ նպատակով մարտի 12-ից մեկնարկել է ՀՀ մարզերի դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որն ուղղված է օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի ծանոթացմանը: Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առաջ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն տպագիր ուղեցույց և ուսուցանող տեսանյութ, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
Վերապատրաստումներին արդեն մասնակցել են Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզկենտրոնների դպրոցների օպերատորներ և ուսուցիչներ: Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում վերապատրաստումներն ամենայն հավանականությամբ կկազմակերպվեն տեղում՝ «Dasaran.am» կրթական ծրագրի մասնագետների մասնակցությամբ:
«www.dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն հասանելի է արդեն Երևանի 204 դպրոցներում, իսկ ս.թ. մարտ ամսվա ընթացքում ավարտին է հասցվելու մայրաքաղաքի բոլոր դպրոցների ներգրավումը:
Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը: