Home / Տեսանյութեր / Թուրքիայում 25 քուրդ զինյալ է սպանվել. 15-ը` կին

Թուրքիայում 25 քուրդ զինյալ է սպանվել. 15-ը` կին

Թուրքիայի իրավապահ մարմինները վերջին օրերի ընթացքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) 25 անդամների են սպանել, հաղորդում է Today’s Zaman-ը:

Նշենք, որ Թուրքիայում PKK-ն համարվում է ահաբեկչական կառույց:

Թուրքիայի իրավապահները լայնածավալ գործողությունները սկսել են դեռևս չորեքշաբթի` երկրի հարավ-արևելքում գտնվող Բիթլիս քաղաքի մոտ: Մի քանի օր տևած բախումների հետևանքով սպանվել է PKK-ի 15 կին և 10 տղամարդ անդամ: Հիմնական բախումները տեղի են ունեցել ուրբաթ Բիթլիսի մոտ գտնվող Սեհի անտառում: Լայնածավալ գործողությունների ընթացքում Թուրքիայի իրավապահները ներգրավել են նաև «Կոբրա» տեսակի ուղղաթիռներ:

Իրավապահաների կողմից կա մեկ զոհ և երեք վիրավոր: Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ այս թվով PKK կին անդամների միաժամանակյա ոչնչացում 28 տարվա հակամարտության պատմության ընթացքում չէր գրանցվել:

Թուրքիայի իրավապահ մարմինները նշում են, որ նման գործողությունները ծավալվել էին նրանից հետո, երբ չորեքշաբթի քուրդ զինյալների կողմից սպանվել էին 5 թուրք ոստիկաններ: