«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբվագիր Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ այսօր գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Սամվել Նիկոլային` պահանջելով, որ նա ներկայացնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ ԱԺ նիստերից բոլոր բացակայությունների պատճառները։
«Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման նիստերի կեսից ավելիին բացակայել է ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նա առնվազն 10 անգամ պետք է զրկվեր պատգամավորության մանդատից, կամ պետք է ներկայացրած լիներ հիմնավորումներ օրենքով նախատեսված շեմից շատ բացակայած լինելը հարգելի համարելու համար: Եթե մարդ կա, որ խրոնիկ հիվանդությամբ է տառապում, որը 5 տարվա բուժում է պահանջում, ապա ընտրողները պետք է իրավունք ունենան իմանալու այդ մասին, իմանալ այդ բացակայության հիմքերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչը նկատել է, որ պատգամավորների բացակայությունները վկայում են այն մասին, որ նրանք անհարգալից վերաբերմունք ունեն ՀՀ օրենսդիր մարմնի նկատմամբ:
«ՀՀԿ-ն խնդիր է դրել վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտները: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ՀՀԿ-ից 7-րդ և 1-ին ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներին: Հարություն Փամբուկյանը ոչ միայն չի մասնակցել ԱԺ նստերին, այլև վերջին տարիներին, ըստ մամուլի տեղեկությունների, նույնիսկ չի ապրել Հայաստանում»,- ասել է ՀԱԿ անդամը:
Անդրադառնալով իր դեմ թիվ 7 ընտրարածքում պայքարող ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանին և հաշվի առնելով այդ տեղամասում պայքարի հանդեպ մեծ հետաքրքրությունը` Փաշինյանը հրավիրել է Սամվել Ալեքսանյանին հեռուստաբանավեճի:
«Թիվ 7 ընտրատարածքում իմ որպես ՀԱԿ ներկայացուցիչ հաղթանակը լուրջ նախադրյալներ է ստեղծում շղթայական փոփոխությունների համար: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բիզնեսը և իշխանությունը պետք է տարանջատել: Եկեք բանավեճ կազմակերպենք և տեսնենք` ինչպիսի քաղաքական գործիչ է Սամվել Ալեքսանյանը: Տեսնենք` Սերժ Սարգսյանը ինչ թիմով է գնում ընտրորթյունների»,- առաջարկել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը «Առավոտ»-ի հետ զրույցոեւմ ասել է, որ Փաշինյանին պատասխան կտա երկուշաբթի, երբ վերադառնա Դուբայից: