Մարտի 23-ին ՀՀ ոստիկանությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են կառույցի գործառույթներն ու խնդիրները Ազգային ժողովի ժողովի ընտրությունների շրջանում: Այս մասին ասված է այսօր տարածած ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանությանն արդարացի ընտրությունների համար անհրաժեշտ հասարակական կարգի ապահովման և ընտրողների ու թեկնածուների անվտանգության պահպանման խնդիր է առաջադրել, որի իրականացումից է կախված համապետական ընտրություների պատշաճ մակարդակի ապահովումը և համակարգի աշխատանքի գնահատականը հասարակության կողմից:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ« ծառայության ընթացքում ոստիկանների գլխավոր զենքը լինելու են նրանց գիտելիքները, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատու մոտեցումը պարտականությունների կատարմանը»:
Համաձայն ՀՀ ոստիկանության կայքի, Գասպարյանն օպերատիվ շտաբի անդամներին հրահանգել է առանձնակի ուշադրություն դարձնել ընտրությունների շրջանում հասարակական կարգի պահպանմանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը պետք է գործի բացառապես օրենքի և օրինականության սահմաններում:
«Ոստիկանության խնդիրը օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, իսկ ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվի ոստիկանության վերքաղաքական ու վերկուսակցական բնույթն ու գործունեությունը», – Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին հրահանգել է առաջնորդվել բացառապես այս սկզբունքով:
ՀՀ ոստիկանապետը նշել է, որ ոստիկանությունը համագործակցություն է առաջարկում նաև քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ: