Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հայտարարություն է հրապարակել, որում անդրադարձ է կատարել 2011 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին:
Նա, մասնավորապես, բացասական զարգացումների մասին խոսելով, նշել է, որ Զինված ուժերում մահվան դեպքերի որոշ մասը պայմանավորված է եղել ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում ծագող խնդիրներով և դրանց կանխման ուղղությամբ սպայական կազմի կողմից ձեռնարկվող միջոցների ոչ բավարար արդյունավետությամբ:
«ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել, զինվորական ծառայութան անցնելու մասին պայմանագիրը լուծել վաղաժամկետ, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է, իսկ որոշ դեպքերում սպաների նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում:
Ժամկետային զինծառայողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ որևէ կարգապահական տույժ չունեցող զինծառայողներ` օրենքով սահմանված ծառայության 24 ամիսը լրանալուց հետո չեն զորացրվել, ինչը պատճառաբանվել է օրենքից չբխող տարբեր հիմնավորումներով:
Առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած անձանց տարկետման ժամկետից շուտ պարտադրվել է ներկայանալ կրկնակի փորձաքննության: ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) որոշումներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել և ՀՀ զինված ուժերից վաղաժամկետ զորացրվել են 500 ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներ: Նման թվաքանակով վաղաժամկետ զորացրելու փաստը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը զինկոմիսարիատներին չի հաջողվել», – նշում է Կարեն Անդրեասյանը:
Նա ընդգծել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողներին ՀՀ կենտրոնական և կայազորային զինվորական դատախազություններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակել, նմանատիպ կառույցներում պարտադիր զինվորական ծառայության առկայությունը ընդունելի չէ:
«Պաշտպանության նախարարության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիոն եղանակներով հարստացման կանխմանն ուղղված նախարարության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել: Կոռուպցիոն նման դրսևորումների առկայությունը էականորեն վտանգում է նախարարության գործունեության արդյունավետությունը և նպաստում տվյալ մարմնի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների աճին: Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը», – գրել է օմբուդսմենը:
ՄԻ պաշտպանը նաև նշել է իր կողմից արձանագրված դրական զարգացումները.
«2011թ. ընթացքում ՀՀ ՊՆ թեժ գիծ ստացվել է մոտ 1370 ահազանգ, որոնցից 650-ին տրվել է ընթացք, և դրանք ստացել են դրական լուծում, իսկ մնացած 720-ը գրանցվել են որպես կեղծ ահազանգ:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվել և վերակառուցվել են մոտ 5 բնակելի շենքեր, որի արդյունքում մոտ 210 զինծառայողներ ապահովվել են ծառայողական բնակարաններով, որից Երևան քաղաքում՝ մոտ 90 զինծառայող, իսկ մարզերում՝ մոտ 120 զինծառայող:
Ըստ պաշտոնական տվյալների, ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատությամբ, էականորեն նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը:
Վերանորոգվել, հիմնանորոգվել են մի շարք զորամասերի զորանոցներ, բուժկետեր, ճաշարանային մասնաշենքեր և այլն, որոնք համապատասխանեցվել են տիպային շինություններին:
011թ. ոչ կանոնադրային հարաբերությունները բացառելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից մշակվել և զորքեր են առաքվել «Հրամանատարը զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձը, «Հայոց բանակի մարտական ոգու և զգոնության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը և արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված» մեթոդական ցուցումները, զորամասերում տարվել են բացատրական աշխատանքներ, իրականացվել են քննարկումներ ստորաբաժանումների անձնակազմի և հրամանատարների մասնակցությամբ, ինչպես նաև կազմվել և զորքեր է առաքվել «Զինվորական ենթակայության կարգի և ծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները» մեթոդական ուղեցույցը և այլն:
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր, որի արդյունքում ստեղծվել է զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման խումբ:
Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալների գլխավորությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել սահմանամերձ և հեռավոր շրջաններում տեղակայված զորամասեր, որոնց նպատակն է եղել անձամբ հանդիպել անձնակազմի անդամներին, ներկայացնել կարգապահության ամրապնդմանն ուղղված հանձնարարականներր և ծանոթանալ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին»: