ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի 21-ամյա Հրանուշ Աբաջյանը, ով մարտի 14-ին, ինքնասպանության փորձ կատարելով, իրեն նետել էր իրենց բնակարանի 12-րդ հարկից, սակայն, 3-րդ հարկի լվացքի պարաններին ընկնելով, ողջ էր մնացել, շատ խելացի, կարգապահ ու օրինակելի ուսանողուհի էր: Epress.am-ի հետ զրույցում Հրանուշին այսպես են բնութագրել նրա դասախոսները:
«Խելացի, պատրաստակամ աղջիկ էր, որևէ անգամ նկատողության չի արժանացել: Գրեթե բոլոր քննություններին բարձր գնահատականներ է ստացել, նույնիսկ իմ առարկայից «5» է ստացել, այն դեպքում, երբ ես այդքան էլ հեշտ չեմ բաշխում «5» թվանշանը», – ասել է «Ընդհանուր լեզվաբանություն» առարկան դասավանդող Աշոտ Հայրապետյանը:
Դասախոսների հավաստմամբ՝ 21-ամյա ուանողուհին բացակայություններ գրեթե չի ունեցել, դասերի հաճախելիս էլ եղել է շատ կոկիկ ու խնամված: Երբևէ նրա անունը չի շոշափվել դեկանատում, վարձերն էլ մուծվել են ժամանակին:
«Նախորդ երեք տարիներին Հրանուշն աչքի է ընկել իր բարձր պատրաստվածությամբ, սակայն վերջերս մի տեսակ թույլ ու շշմած էր: Քննությունների գալիս էր մոր ուղեկցությամբ: Նա սպասում էր, մինչև աղջիկը գնահատականները կստանա ու տուն կգնան: Դեպքից մի քանի օր առաջ էլ միասին եկան, Հրանուշը մտավ քննության, հետո, երբ դուրս եկավ, մի տեսակ տխրել էր՝ «4» էր ստացել: Զարմացանք, որ «4»-ի համար կարելի է մտահոգվել, նույնիսկ փորձեցինք կատակել, թե՝ ոչինչ, «4»-ն էլ «5»-ի ընկերն է, մի մտահոգվի, մայրը հայացքով սաստեց, թե՝ պետք չէ, ու մենք այլևս չշարունակեցինք: Հետո միասին տուն գնացին: Ուղղակի զարմանալին այն էր, որ վերջերս միշտ մոր ուղեկցությամբ էր գալիս համալսարան, նախորդ 3 տարիներին նման բան չէր եղել: Հիմա նոր ենք հասկանում, որ երևի ինչ-որ բան կար ու դրա պատճառով միայնակ չէր լինում: Սա այն ամենն է, ինչ կարող ենք ասել Հրանուշի մասին»,- Epress.am-ի հետ զրույցում ասել են աղջկա համակուրսեցիները:
Նրանք նաև տեղյակ չեն, թե երբ է Հրանուշը կազդուրվելու ու դասերի գալու՝ միայն գիտեն, որ լվացքի պարանին ընկնելու ու դրանց փաթաթվելու հետևանքով շատ լուրջ վնասվածքներ է ստացել. մետաղալարերը վնասել են հատկապես կենսական նշանակություն ունեցող օրգանները:
Մալաթիա բժշկական կենտրոնից Epress.am-ին տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ աղջկա վիճակը գնահատվում է բավարար:
«Առաջընթացը նկատելի է, արդեն կանգնում է, փորձում է քայլել, չնայած ոտքն է մի քիչ թույլ: Բոլոր օրգանները նորմալ գործում են, վերքերի հետ էլ խնդիրեն չունենք, դեպի լավացում է գնում, ու հնարավոր է՝ մեկ շաբաթ, 10 օրից տուն գնա:Նրա ընդհանուր վիճակից գոհ ենք, չնայած ժամանակ է պետք, որպեսզի աղջիկը կարողանա նորմալ կյանք վարել: Պայծառ աղջնակ է, շփվում ենք հետը ու շատ լավ տպավորություն է թողել ամբողջ կոլեկտիվի վրա», – ասել է Հրանուշի բուժող բժիշկ Արթուր Հասասյանը:
Նա նաև հավաստիացրել է, որ ժամանակի ընթացքում աղջնակը լիովին կկազդուրվի ու կկարողանա նորմալ կյանք վարել:
«Աղջիկն արդեն գրքերն ուզել ու կարդում է, պարապում», – նշել է բժիշկը:
Նշենք, որ Հրանուշ Աբաջյանի` ինքնասպանության դիմելու պատճառը և արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշել է, որ փորձաքննության արդյունքները դեռևս պատրաստ չեն:
Լուսանկարը` aravot.am