Մարքսիստ Դավիթ Հակոբյանը ՀՀԿ-ի ցուցակներով անցնող «ապագա անդրշիրիմյան պատգամավորներին» բնութագրել է որպես մակաբույծների ու պորտաբույծների խումբ, որոնք առանց ժողովրդի հետ մի բառ անգամ փոխանակելու, անհայտությունից մանդատ են ստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբյանը հայտարարել է, որ նման կերպ մանդատ ստանալը «ընտրական իրավունքի ամենամեծ հանցագործությունն է, ինչն այսօր մեզ պարտադրել են»: Նշենք, որ գալիք ընտրություններին Հակոբյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 41-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզի հարավային հատվածը:
«Երբ ես գամ խորհրդարան, կտամ նոր 21-րդ ընտրական իրավունքի դոկտրինան, որը կապահովի իշխանափոխության ընթացքում հասարակության ֆիզիկական ապահովությունը: Սա ամենակարևոր հարցն է, ու երկրորդը` այն կբացառի իշխանագողությունը», – հայտարարել է Հակոբյանն ու նշել, որն ինքը համամասնական ցուցակի մասին վատատեսական վերաբերմունք ունի:
Հակոբյանը շեշտել է, որ Սերժ Սարգսյանը վատ խորհրդատվական շքախումբ ունի՝ դրանք այն մարդիկ են, ովքեր 1990 թվականին «կոմունիստից կերպարանափոխվել ու այսօր գնում են հանրապետական դրոշի տակ»:
«Մեր առջև երրորդ բուրժուական Հայաստանի ողջ քրեական վերնախավն է՝ մանր- մունր ջիգիթից մինչ մարդակեր, ուրացողից մինչև շնացող», – նշել է նա ու ընդգծել, որ այսպիսին է իր վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ: