ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը 2011թ. ապրիլի սկզբներին գնել է օղու սպիրտ, դրան ավելացրել ջուր և ստացել շշալցման ենթակա օղի: Այնուհետև շշերի ընդունման կետից գնել է օղու շշերի խցաններ, ապա տաքացնելով իր կողմից հավաքված շշերի և գնված խցանների վրա փակցված ակցիզային դրոշմները` պոկել է դրանք և փակցրել իր կողմից պատրաստված և տնայնագործական եղանակով փակված կեղծ օղու շշերի վրա:
2011թ. ապրիլի սկզբներից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ա. Մանուկյանը պատրաստել է ընդհանուր 5 տեսակի 57 շիշ կեղծ օղի: Իրացման համար կեղծված օղին Ա. Մանուկյանը հանձնել է Կ. Խաչկալյանին, ով աշխատել է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող մի առևտրի կետում:
«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Գ. Վարդանյանը, 2011թ. հուլիսին տեղեկանալով, որ Ա. Մանուկյանը զբաղվում է կեղծ օղու պատրաստմամբ եւ իրացմամբ, վերջինիս պատվիրել է մեկ շիշը 1000 դրամով պատրաստել 2 տեսակի 50 շիշ կեղծ կոնյակ: Ա. Մանուկյանը, ձեռք բերելով անհրաժեշտ պարագաները, պատրաստել է կեղծ կոնյակի պատվիրված խմբաքանակը եւ փոխանցել Գ. Վարդանյանի կողմից մատնանշած անձանց:
Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, հայտնում են Դատախազությունից: