ՀՀԿ-ի կարգախոսը պետք է շրջել, որովհետև հավատալը փոխվելու հետևանք է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` անդրադառնալով «Հավատանք, որ փոխենք» Հանրապետականների ընտրական կարգախոսին:
Անուշ Սեդրակայնը նշել է, որ տարիներ շարունակ ՀՀԿ-ն տիրապետել է իշխանական և ադմինիտսրատիվ ռեսուրսին, ԱԺ-ում և գործադիրում մեծամասնություն է ունեցել, բայց իրականացրած աշխատանքները դրական և արդյունավետ չեն եղել հայաստանյան իրականության համար:
«Եթե մի կուսակցություն հետևողականորեն իրականացնում է մի քաղաքականություն, որը երկրի համար վատ արդյունքներ է ունենում, ապա հետևաբար բոլոր սոցիլոգիական հետազոտությունները իրենց ձայնը տալիս են հակառակ կուսակցությանը», – ասել է Անուշ Սեդրակյանը:
Խոսելով նաև ՀՀԿ-ի ցուցակում հայտնված նոր անունների մասին, Սեդրակյանը հիշել է «Նորը դա լավ մոռացված հինն է» թևավոր արտահայտությունը: Նա ընդգծել է, որ շատ գործիչներ կային, որոնք անցել էին ընդհատակ, բայց հիմա նույնպես հայտնվել են ՀՀԿ-ի ցուցակում և նրանց առանձնապես լավատեսական ծրագրեր սպասել պետք չէ:
Ասուլիսի մեկ այլ մասնակից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հակադարձել է Սեդրակյանին` կարծիք հայտնելով, որ ՀՀԿ-ի ընտևացուցակը «շատ գեղեցիկ է»:
Վարդան Այվազյանի խոսքով` ՀՀԿ-ն ի լուր բոլորի հայտարարում է, որ պայքարում է զուտ իր համար, իսկ բոլորը, չգիտես ինչու, պայքարում են ՀՀԿ-ի դեմ:
Այվազյանն ասել է, որ ՀՀԿ-ն բոլորին կուսակցություններին ընկալում է որպես հավասարաչափ մրցակից, և բոլոր ուժերի նկատմամբ ունի հարգալից վերաբերմունք, այդ իսկ պատճառով պահանջելու է, որ այդ ուժերն էլ լինեն հարգալից իրենց նկատմամբ:
Պատգամավորը նշել է, որ ՀՀԿ-ի առաջնահերթ խնդիրն է ԱԺ-ում ունենալ առավելագույն ներկայություն:
«Վայ էն քաղաքական թիմին, որ չձգտի առավելագույնին: Հիմա իրանք չունենալով` 25-30 տոկոս են ասում, հիմա մենք նաղդ ունենալով` չասենք գոնե մի էդքան», – հայտարարել է Այվազյանը: