ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը երեկ դիմում է ներկայացրել թիվ 17 ընտրական հանձնաժողով և խնդրել է իրեն չգրանցել պատգամավորի թեկնածու:
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում թիվ 17 ԸԸՀ քարտուղար Սահանուշ Հովհաննիսյանն ինքնաբացարկի պատճառը չի նշել:
«Մենք պատճառը չգիտենք, մեր գործը դիմումը գրանցելն է, թեկնածուն պատճառ չի նշել», – ասել է նա:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ անդամ Հենրիկ Աբրահամյանը ինքնաառաջադրվել էր մարտի 22-ին` առաջադրման ժամկետի ավարտից 30 րոպե առաջ: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարում է կուսակցության մեկ այլ անդամի` Արտաշատի Ա.Գոլեցյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին: Նույն ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարելու են նաև Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ՀՅԴ թեկնածու, Բերքանուշի գյուղապետ Մանվել Հայրապետյանը և Հայ Ազգային Կոնգրեսից` Գագիկ Ներսիսյանը: