Մարքսիստ Դավիթ Հակոբյանը ողջունել է այն փաստը, որ ՀԱԿ-ը «անգլիական բուլդոգի համառությամբ այս 5 տարիներին, այսպես կոչված, հրապարակախոսական ինստիտուտի բարձունքին կառչած է մնացել»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբյանը հայտարարել է, որ եթե անգամ ՀԱԿ-ը 10 տեղ պոկի խորհրդարանում, ապա «միայն մեկ Լևոն Տեր-Պետրոսյանն արժե 10 մանդատավոր»:
«Էլ չեմ ասում, որ նրանք ունեն այնպիսի լուրջ տնտեսագիտական գլուխներ, ինչպիսին Բագրատյանն է, այնպիսի ֆորվարդներ՝ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, և ես կարծում եմ, որ նրանք 90 թվականի նման կարող են իսկապես հեղաշրջում առաջանցնել խորհրդարանում: Այսպես, թե այնպես, կարծում եմ, որ ԱԺ-ի նախագահի համար առաջին թեկնածուն կինի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես կարծում եմ, որ այդ տեսակետից նրան հավասարազորը չունենք: Որքան էլ մենք քաղաքական հակակրանք ունենք միմյանց նկատմամբ, թերագնահատել նրանց ուժերը չի կարելի, և 10 ֆորվարդն անգամ կարող է մեծ փոթորիկ առաջացնել և հեղաշրջում: Այս պառլամենտը կլինի ավելի բարձր, ավելի ինտելեկտուալ ու հեղափոխական», – ասել է Հակոբյանը:
Հակոբյանն անդրադարձել է ընտրություններին կեղծիքների հնարավորությանը` նշելով, որ, ըստ իր տեղեկությունների, 300.000 կեղծ անձնագիր արդեն շրջանառության մեջ է դրվել:
«Խնդրեմ, արդեն այդքան ձայն էս գլխից ունեն ու չնայած սրան, ողջ վարչական լծակներով ու պոտենցիալով հանդերձ ՀՀԿ-ն չի ստանա 20 տոկոսից ավել ձայն՝ չհաշված ձայներ առնելն ու ընտրակաշառքները: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն անպայման կանցնեն խորհրդարան, ՕԵԿ-ը՝ ոչ, քանի որ բացարձակ զրո պոտենցիալ ունի, «Ժառանգության» հարցն է` կմտնի, թե ոչ, իսկ ՀՅԴ-ն կստանա իր 7-10 տեղը», – ասել է Հակոբյանը ու հավելել, որ սա ՀՅԴ-ի վերջին շանսն է՝ ցույց տալու ժողովրդին, թե իսկապես ովքեր են ժողովրդի բարեկամներն ու թշնամիները:
Նա վստահեցրել է, որ մեծ հարցականի տակ է դրված այն հանգամանքը, թե ՀՀԿ-ն իր ձեռքը կվերցնի վերահսկողական փաթեթը: