Դատարանն ապացուցված է համարել անձանց պոռնկության շահագործմանը օժանդակելու, թմրամիջոցի ապօրինի իրացնելու և ապօրինի կերպով սառը զենք պահելու համար Ա.Միքայելյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010թ. ամռանից Ա. Միքայելյանը որոշակի վարձատրության դիմաց, որպես թիկնապահ ծառայություն մատուցելով Հ. Դավթյանին, ամենօրյա հսկողություն է սահմանել վերջինիս կողմից խաբեությամբ պոռնկության շահագործման նպատակով հավաքագրված և շահագործված Ն. Մ.-ի, Ս. Ս.-ի և Լ. Կ.-ի նկատմամբ:
Տեղյակ լինելով Հ. Դավթյանի կողմից Ն. Մ.-ի և Ս. Ս.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մասին` Ա. Միքայելյանը ավտոմեքենայով պարբերաբար կայանելով տուժողների բնակության վայրում, նրանց տեղաշարժերի մասին տեղեկացրել է Հ. Դավթյանին, հաճախորդների հետ հանդիպման գնալիս հաճախակի նրանց ուղեկցել է, իսկ հետո դիմավորել` նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Այդկերպ Ա. Միքայելյանը մինչեւ 2010թ. նոյեմբերի 28-ն օժանդակել է Հ. Դավթյանի կողմից վերոհիշյալ անձանց պոռնկության շահագործմանը:
Ապացուցվել է նաև, որ Ա. Միքայելյանը 2010թ. պատրաստել է մարիխուանա տեսակի թմրամիջոց` կանեփի թփից քաղած տերևները մանրացնելու միջոցով, և ստացված թմրամիջոցը նույն թվականի հոկտեմբեր ամսին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է Հ. Դավթյանին, Ն. Մ.-ին, Ս. Ս.-ին եւ Լ. Կ.-ին:
Բացի այդ, Ա. Միքայելյանը ձեռք է բերել և 2010թ. նոյեմբերի 28-ին կրել սառը զենք հանդիսացող դանակ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Դավթյանը խաբեությամբ, հետագայում ամուսնանալու կեղծ խոստումով, պոռնկության շահագործման նպատակով հավաքագրել է Ն. Մ.-ին, նրան ներգրավել պոռնկության մեջ և տիրացել վերջինիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին: Բացի այդ, ապացուցվել է նաեւ, որ Հ. Դավթյանը բռնաբարել է Լ. Կ.-ին:
Ա. Միքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, հայտնում են Դատախազությունից: