Home / Տեսանյութեր / Ստրոս-Կանին պաշտոնապես մեղադրեցին կավատության մեջ

Ստրոս-Կանին պաշտոնապես մեղադրեցին կավատության մեջ

ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը կրկին կասկածյալ է դարձել. Ֆրանսիական Լիլ քաղաքի ոստիկանությունը երկուշաբթի կավատության գործով պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Ստրոս-Կանի դեմ: Ոստիկանության տեղեկություններով` ԱՄՀ-ի նախկին նախագահը կավատությամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամ է: Մոտ 9 ժամ տևած հարցաքննությունից հետո Ստրոս-Կանը ազատ է արձակվել 100 հազար եվրո գրավի դիմաց:

Մինչ հետաքննության ավարտը նա իրավունք չունի ԶԼՄ-ներին հաղորդել գործի մանրամասները, նրան արգելվում է նաև շփվել այլ կասկածյալների և վկաների հետ: Հարկ է նշել, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարին դեռևս մեղադրանք չի առաջադրվել մեկ այլ` պաշտոնական դիրքի չարաշահման գործով:

Ընթացիկ տարվա փետրվարին նա արդեն մեկ անգամ կանչվել էր ոստիկանություն: Նրան հարցաքննել էին մարմնավաճառության ցանցի գործով, որի շրջանակներում նա կասկածվում էր կավատությանը նպաստելուն և հանրային միջոցների չարաշահման մեջ:

Հետաքննությունը փորձում է պարզել, թե ինչ դեր է ունեցել քաղաքական գործիչը Carlton շքեղ հյուրանոցի շուրջ մարմնավաճառության ցանցի ստեղծման գործում:

Ստրոս Կանի-փաստաբանները պատրաստվում են վիճարկել նրան առաջադրված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարը սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել էր 2011-ի մայիսի 14-ին Նյու Յորքում: Նա մի քանի օր անցկացրել էր բանտում, որից հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն տնային կալանքի տակ մնացել:

Հունիսի վերջին Ստրոս-Կանին մեղադրող սպասուհուն մեղադրել էին կեղծ ցուցմունքների մեջ, ինչի առնչությամբ էլ քաղաքական գործիչը ազատ էր արձակվել տնային կալանքից: