Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը «Թեղուտը հայտնիների աչքերով» խորագրով նոր տեսանյութերի շարք է սկսել:
Թեղուտի պաշտպանության ակտիվիստները նշում են, որ հայտնի մարդկանցից շատերը, իմանալով նախաձեռնության մասին, մեծ սիրով համաձայնել են իրենց կարծիքն արտահայտել Թեղուտում կատարվող «խայտառակության և սպասվելիք աղետի մասին»:
Տեսանյութում Թեղուտի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնում դերասաններ Սոս Սարգսյանը, Աշոտ Ադամյանը, Երվանդ Մանարյանը, Սերգեյ Դանիելյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, երաժիշտներ Ֆորշը, Աննա Մայիլյանը, հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը:
«Իմ կարծիքով բնապահպանական այս խնդիրը նոր աշխարհին, 21-րդ հազարամյակին ինտեգրվելու ամենահուսալի կամուրջն է: Մեզ համար նույնիսկ անսպասելի էր, որ նման շարժում սկսվեց: Բայց վստահ եմ, որ հետագա սերունդները կգտնահատեն առաջամարտիկներին այս շարժումը սկսելու համար», – վստահ է Երվանդ Մանարյանը:
Սոս Սարգսյանի կարծիքով`ոչնչացնելով եղած անտառը մենք ինքներս մեզանից շատ մեծ գողություն կկատարենք, ինքներս մեզ կաղքատացնենք:
«Ես համոզված եմ, որ փողը մենք չենք կարող ուտել, շնչել, խմել, եթե վերացնենք ամեն ինչ ինչ որ մեր շրջապատում է, մենք տեղ չենք ունենա այդ փողը ծախսելու»,-վստահ է դերասան Սերգեյ Դանիելյանը:
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր հերթին, նշել է. «Թույլ չենք տա, որ մեր դրախտը դժոխք դարձնեն»:
«Մենք ակնկալում ենք, որ մեր շարքերը կհամալրվեն գաղափարակից նոր մարդկանցով, նոր հայտնի դեմքերով: Մենք սպասում ենք ձեր արձագանքներին: Եվ վստահ ենք, որ հաղթանակն անխուսափելի է», – հայտարարել են բնապահպանները: