Home / Հայաստան / Քվե` կոյուղու դիմաց. Մանկապարտեզի տնօրենը ՀՀԿ-ի համար ձայներ է պահանջում

Քվե` կոյուղու դիմաց. Մանկապարտեզի տնօրենը ՀՀԿ-ի համար ձայներ է պահանջում

Երևանի Հարավարևմտյան թաղամասի թիվ 94 մանկապարտեզի տնօրենը, ըստ «Երկիր» օրաթերթի տեղեկությունների, օրերս ծնողներին հատուկ հանձնարարական է տվել՝ մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծնող պարտավոր է տնօրենին ներկայացնել Աժ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկող 10 հոգու տվյալներ։

Թերթը գրում է, որ տնօրենը չի բավարարվելու ծնողների պարտաճանաչությամբ. քվեարկողների ամբողջական ցուցակները ունենալուց հետո նա պետք է մեկ առ մեկ զանգի ցուցակներում ընդգրկված անձանց և հավաստիանա, որ նրանք իսկապես քվեարկելու են ՀՀԿ օգտին։ Հավաստիանալուց հետո տնօրենը քվեարկողների ցուցակը ներկայացնելու է ՀՀԿ տարածքային շտաբ, որտեղ, իրենց հերթին, ստուգելու են դրանց իսկությունը և ՀՀԿ օգտին քվեարկելու արժանահավատությունը, և միայն դրանից հետո շտաբը մանկապարտեզին օգնելու է կոյուղու վերանորոգման հարցում, նշում է օրաթերթը։

Թերթը նշում է, որ եթե ծնողները չկարողանան քվեներ բերել ՀՀԿ-ի օգտին, իրենք պարտավոր են լինելու իրենց միջոցներով` «մարդա 10 հազար դրամ»-ով վերանորոգել կոյուղին։